Բաժիններ՝

Գողության փորձ Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Լիսինյան փողոցում գտնվող բնակելի տներից մեկից գողության փորձ կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 19-ին՝ժամը 04:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի բնակչի տուն ապօրինի մուտք գործելու նպատակով, մոտեցել է տան բակային հատվածի պատուհանին, կանգնել փայտե աթոռի վրա և հանել հակամիջատային ցանցը։ Սակայն աթոռը կոտրվել է և տղամարդը չի կարողացել մուտք գործել տուն՝ դիմելով փախուստի:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի՝ տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ կատարում վերոնշյալ արարքը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր որեւէ տեղեկություն ունեն նշված դեպքի, կամ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության, գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://www.youtube.com/watch?v=XVOt_EEksyY

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս