Պեկինը ԱՄՆ-ից և Հարավային Կորեայից պահանջել է դադարեցնել THAAD համակարգի ծավալումը
Չինաստանը ԱՄՆ-ից եւ Հարավային Կորեայից պահանջել է հարգել մյուս երկրների շահերը եւ դադարեցնել հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգի ծավալումը: Այդ մասին կայացած հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը՝ մեկնաբանելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սոն Յոն Մուի այցը Վաշինգտոն:
«THAAD համակարգի ծավալումը կխոչընդոտի ռազմավարական հավասարակշռության հասնելուն, վնաս կհասցնի տարածաշրջանի երկրների, ներառյալ Չինաստանի ռազմավարական անվտանգության շահերին եւ կսաստկացնի լարվածությունը Կորեական թերակղզում»,-նշել է դիվանագետը:
«ՉԺՀ-ն կոչ է անում ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային՝ դադարեցնել THAAD համակարգի ծավալումը եւ ապամոնտաժել արդեն տեղակայված սարքավորումները»,-ընդգծել է նա:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սոն Յոն Մուն օգոստոսի 29-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ պլանավորում է քննարկել ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային փորձարկումները:
Վաշինգտոն մեկնելուց առաջ Սոն Յոն Մուն լրագրողներին հայտարարել է, որ «հրթիռային արձակումներին ի պատասխան հնարավոր քայլերը կքննարկի ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի եւ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականի հետ»:
Հարավային Կորայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի բանակցություններն իր ամերիկացի պաշտոնակից Ջեյմս Մեթիսի հետ տեղի կունենան օգոստոսի 30-ին: Մինչ այդ Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն Սեուլում տարածված հայտարարության մեջ նշել է, որ Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը վճռական գործողություններ կձեռնարկեն ի պատասխան նոր հրթիռային արձակման, որը Փենյանն իրականացրել է օգոստոսի 29-ին:
Կոմիետի պետ Չոն Գյոն Դուն շտապ հեռախոսազրույցներ է վարել ամերիկացի իր պաշտոնակից Ջոզեֆ Դանֆորդի հետ: «Կողմերը պայմանավորվել են ամենակարճ ժամկետներում ձեռնարկել պատասխան միջոցներ, ներառյալ ռազմական, որոնք կցուցադրեն դաշնակիցների վճռականությունը»,- ընդգծված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: