«Ո՞նց կարող է վտանգ չլինի. պետք էր տարհանել մարդկանց». բնապահպանը՝ «Նաիրիտի» հրդեհի մասին
«Ղարաբաղյան շարժման ժամանակ մեծ սխալ արվեց, որ փակվեց «Նաիրիտ» գործարանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ խոսելով «Նաիրիտում» բռնկված հրդեհի մասին:
Նրա խոսքով՝ շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրները միշտ էլ եղել են, բայց, ըստ նրա, լուծումն այն կլիներ, որ գործարանին մոտ գտնվող մարդկանց տեղափոխեին այլ բնակավայրեր:
«Դա կլիներ լուծում, և այսօր մենք չէինք ունենա այն, ինչ ունեցանք. կիսաթալանված գործարան և խաբված աշխատակիցներ, որոնք կազմեցին շատ հզոր մի շարժում: Ես ծանոթ եմ ակտիվիստների հետ, որոնք պահանջում էին, որ իրենց աշխատավարձերը վերադարձնեն իրենց, որպեսզի վերականգնեն իրենց իրավունքները, և մեծ հույսեր ունեին, որ այդ իրավունքները վերականգնվելու են, և իրենք նորից աշխատելու են այդ հսկայում, սակայն ունեցանք լրիվ այլ շրջադարձ՝ հրդեհ «Նաիրիտ» գործարանում»,- նշեց բնապահպանը:
Ս. Ադամյանի խոսքով՝ դեռ 2010 թվականին նաիրիտցիները բարձրաձայնեցին, որ լաքէթինոլ նյութը պահեստավորվում է հենց «Նաիրիտի» այդ մասում, և կա որոշակի քանակություն, որը չպետք է անցնի.
«Եթե անցնում է այդ քանակը, դա վտանգ է «Նաիրիտի» համար: Կարծում եմ՝ իզուր չէր, որ դեռևս 2010 թվականին նաիրիտցիները բարձրաձայնել էին այդ մասին»:
Բնապահպանի անձնական կարծիքով՝ գործարանը միտումնավոր է հրդեհվել.
«Մենք շատ լավ գիտենք, որ, նախ՝ ուզում էին վերավաճառել, երկրորդը՝ նախկին տերերը շատ բան փակում էին, շատ բաներ կային, որ չէր կարելի ցույց տալ հանրությանը, բաժնետերերին, սա խայտառակ մի իրավիճակ էր, մինչև հիմա էլ մարդիկ պայքարում են, և որպեսզի այդ ամբողջ շարժումը ծածկվի, այդ խնդիրները զրոյանան, մենք ունեցանք այս հրդեհը»:
Ս. Ադամյանը գտնում է՝ հրդեհի համար քրեական գործ է հարուցվելու.
«Գուցե հետաքննության ընթացքում բացահայտվեն հրդեհի իրական պատճառները»:
Բնապահպանն անդրադարձավ նաև Առողջապահության նախարարության հայտարարություններին, թե այդ հրդեհը վտանգավոր չէ մարդկանց առողջության համար. «Ո՞նց կարող է վտանգ չլինի: Ինքը թունավոր նյութ է, այն վառվում է, արտանետվում է, քամին էլ տալիս է, ամբողջ իր հզորությամբ տանում է դեպի քաղաքի տարբեր մասեր, ինչպե՞ս կարող է վտանգ չլինի: Երևի պետք էր տարհանել մարդկանց, այդ պահին հանել այդտեղից: Գրեցին ինչ-որ բաներ, բայց, ցավոք սրտի, ոչինչ չարվեց»: