ՀՀ Շիրակի մարզպետարանի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր
ՀՀ Շիրակի մարզպետարանում մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Հուշագրի շրջանակում կողմերը միավորելու են իրենց ջանքերը ՀՀ Շիրակի մարզում ՓՄՁ-ների զարգացման, համայնքների բարեկեցության բարձրացման և զբոսաշրջության խթանման նպատակով: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն մարզի տարածքում իրականացնելու է անվճար բիզնես դասընթացներ ՓՄՁ-ների համար: Մարզպետարանն իր հերթին աջակցելու է բանկին՝ բացահայտելու և թիրախավորելու դասընթացների հնարավոր շահառուներին:
Իր ելույթում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց.
«Այսօր հիշարժան օր է, երբ պետությունն ու մասնավոր հատվածը՝ տոգորված գործընկերության ոգով, մեկտեղում են իրենց ջանքերը Շիրակի մարզում փոքր և միջին գործարարության զարգացման նպատակով: Վստահ ենք, որ վերապատրաստումներին մասնակցած ձեռնարկությունների ներկայացուցիչները մարզում բիզնեսին նոր եռանդ ու շունչ կհաղորդեն: Համագործակցության արդյունքում կբարձրանա ձեռնարկությունների արդյունավետությունը, կառավարման հմտությունները, կավելանա շրջանառությունն ու շահութաբերությունը, ձեռնարկություններն ավելի շատ աշխատողներ կունենան և սոցիալապես ավելի պատասխանատու կգտնվեն հասարակության առջև»:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը հավելեց․
«Արդեն շուրջ չորս տարի է՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իրականացնում է բիզնես դասընթացներ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների համար՝ նրանց փոխանցելով 20 տարիների ընթացքում մեր կողմից կուտակած, ինչպես նաև համաշխարհային լավագույն փորձը։ Դասընթացները ներառում են բիզնեսի կառավարմանը, մարքեթինգին և այժմ արդեն հյուրանոցային ոլորտին վերաբերող ուսուցողական դասընթացներ։ Սակայն այս համագործակցությունը մեզ համար յուրօրինակ է, քանի որ մենք տեսնում ենք նաև պետության հետաքրքրվածությունը՝ օժանդակելու փոքր և միջին բիզնեսին:
Մեր մասնագետներն արդեն դասընթացներ են անցկացրել Լոռու, Արմավիրի, Սյունիքի, ինչպես նաև Շիրակի մարզերում, և մենք շարունակելու ենք ընդլայնել մեր դասընթացների աշխարհագրությունը: Ի դեպ՝ վերջերս մեր դասընթացավարներին Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC Business Edge) կողմից շնորհվեցին սերտիֆիկատներ, որը մեկ անգամ ևս փաստում է մեր թիմի բարձր պրոֆեսիոնալիզմը»։
Սեպտեմբերի 26-ին և 27-ին Շիրակի մարզում կանցկացնենք հյուրանոցային բիզնեսին վերաբերող մեր անվճար դասընթացները, և հուսով ենք, որ մեր և մարզպետարանի ջանքերը կտան լավագույն արդյունքը: