Ելիսեյան պալատը Ֆրանսիայի նախագահի մամուլի քարտուղար է նշանակել
Լրագրող Բրյունո Ռոժեր Պետին նշանակվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի քարտուղար եւ խորհրդականներից մեկը: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը:
Նախագահի մամուլի ծառայությունում ճշտել են, որ նա իր նոր պարտականություններին ձեռնամուխ կլինի սեպտեմբերի 1-ին: «Մամուլի քարտուղարի առաքելությունը կլինի Ելիսեյան պալատի դիրքորոշման մասին իրազեկելը, դրա համար նա կօգտագործի գոյություն ունեցող բոլոր կապուղիները, այդ թվում՝ հանրապետության նախագահի Twitter-ը»,-նշել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում:
54-ամյա Բրյունո Ռոժեր Պետին աշխատել է որպես ֆրանսիական առաջատար հեռուստատեսային ալիքների թղթակից եւ մեկնաբան: Էմանուել Մակրոնի նախընտրական արշավի ընթացքում Բրյունո Ռոժեր Պետին քանիցս մասնակցել է «Հառաջ» շարժման (ներկայում «Հառաջ հանրապետություն») թեկնածուի աջակցման ակցիաներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: