Բաժիններ՝

Հարավային Կորեան հրապարակել է նոր բալիստիկ հրթիռների փորձարկումների տեսանյութը

Կորեայի Հանրապետությունն օգոստոսի 29-ին տարածել է արդիականացված բալիստիկ հրթիռների՝ իր զինվորականների կողմից անցկացված փորձարկումների տեսանյութը: Մեկուկես րոպեանոց հոլովակում, որը հրապարակվել է Պաշտպանության զարգացման գործակալության կայքում, ցուցադրված է 500 եւ 800 կիլոմետր գործողության շառավղով հրթիռների արձակման գործընթացը, դրանց թռիչքը եւ մարտագլխիկների ճշգրիտ հարվածները ուսումնական թիրախներին գետնի վրա եւ ծովում։

«Փորձարկումները տեղի են ունեցել անցած շաբաթ եւ վերջինը դարձել զինանոցում այդ հրթիռների ընդունումից առաջ»,-նշվում է Գործակալության հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում է, որ այս զինատեսակը կդառնա ԿԺԴՀ-ին պատասխան հարված հասցնելու սխեմայի հանգուցային բաղադրիչը Հարավի վրա նրա հարձակման դեպքում:

«Մեր զինվորականների տրամադրության կան հրթիռային տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս անհրաժեշտության դեպքում բարձրճշգրիտ հարվածներ հասցնել Հյուսիսային Կորեայի տարածքի բոլոր վայրերին»,-ասված է փաստաթղթում:

Օգոստոսի 28-ի վաղ առավոտյան ԿԺԴՀ-ն իրականացրել է բալիստիկ հրթիռի նոր արձակում, որն անցել է Ճապոնիայի հյուսիս-արեւելյան մասի վրայով եւ, հավանաբար, ընկել Խաղաղ օվկիանոս՝ Հոկայդո կղզու Էրիմո հրվանդանից 1180 կիլոմետր արեւելք գտնվող շրջանում: Հարավկորեացի զինվորականները նշում են, որ հրթիռն անցել է 2,7 հազար կիլոմետր, իսկ նրա թռիչքի բարձրությունը հասել է 550 կիլոմետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս