Chanel-ը հորդորել է հորիզոններն ընդլայնել կոսմետիկայի օգնությամբ
Chanel ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է աշուն-ձմեռ տարեշրջանի դիմահարդարման միջոցների Travel diary նոր հավաքածուն: Այդ մասին հաղորդվում է բրենդի օգոստոսի 28-ի մամուլի տեղեկագրում:
Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ շարքն իրենից ներկայացնում է հիշողությունների, ապրումների եւ ասոցիացիաների թեմայով էտյուդ, որոնք կարող է առաջացնել գույնը: Նոր կոսմետիկան դարձել է հորիզոններն ընդլայնելու փորձ:
Նոր շարքի համար ոգեշնչում գտնելու համար Chanel-ի՝ գույնի եւ մակիաժի միջազգային դիզայներ Լյուչիա Պիկան ճանապարհորդության է մեկնել Կալիֆոռնիայի ճանապարհներով: «Ես որոշեցի ստեղծել սեփական կոլաժը՝ ոգեշնչում քաղել այն ամենից, ինչ տեղի է ունենում շուրջս»,-ասել է նա:
Նոր շարքում տեղ է գտել Le vernis horizon line լաքը, որի գույնը ամպամած օրվա ծովի երանգ է հիշեցնում: Եվս մեկ նորույթ է Palette essentielle-ը, որում տեղ է գտել երեք արտադրանք՝ կրեմագույն կորեկտոր, հայլայթեր եւ կարմրաներկ:
Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ:
Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն: Նորաձեւության տան գույնի եւ մակիաժի գծով միջազգային դիզայների պաշտոնը 2015 թվականից զբաղեցնում է Լյուչիա Պիկան: