Մինսկում «Ոսկե Ծիրան» խորագրով հայկական մշակութային օր է անցկացվել
Մինսկի Անկախության հրապարակում oգոստոսի 26-ին տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» խորագրով հայկական մշակութային օրվա բացումը, որը կազմակերպել էին Բելառուսում ՀՀ դեսպանությունը, Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեն և Բելառուսի հայ համայնքը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մինսկի քաղաքապետ Անդրեյ Շորեցը։
Դեսպան Եսայանն իր խոսքում նշեց, որ միջոցառումը հնարավորություն է տալիս ազգային երգ ու պարի, արվեստի և խոհանոցի միջոցով ծանոթանալու հայկական բազմադարյա և հարուստ մշակույթին:
Մինսկի քաղաքապետն իր խոսքում ընդգծեց միջոցառման կարևորությունն ու հայ համայնքի նշանակալից դերը Մինսկ քաղաքի մշակութային կյանքում:
Միջոցառմանը հանդես եկան Բելառուսում հայտնի հայ երգիչներ, «Էրեբունի» ազգային երգի ու պարի համույթը: Ներկաները հնարավորություն ունեցան համտեսելու հայկական խոհանոցի բազմատեսակ ուտեստներն ու ազգային խմիչքները: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց բելառուսական ԶԼՄ-ներում: