Բաժիններ՝

Տեխասում շուրջ 6,8 մլն մարդ է տուժել «Հարվի» փոթորկից

Տեխասում շուրջ 6,8 մլն մարդ է տուժել «Հարվի» փոթորկի հարվածներից, որը Միացյալ Նահանգների ծովափին մոլեգնել է լույս օգոստոսի 26-ի գիշերը: Դա կազմում է ԱՄՆ-ի ամենամեծ նահանգի բնակչության մոտավորապես քառորդ մասը: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը:

Տարերքի զոհ է դարձել երեք մարդ: Տարածաշրջանում լուրջ հեղեղումներ են սկսվել հորդառատ անձրեւների պատճառով: Օդերեւութաբանների տվյալների համաձայն, նահանգի խոշորագույն քաղաքում՝ Հյուսթոնում, եւ նրա արվարձաններում կարող են գրանցվել ռեկորդային քանակությամբ տեղումներ՝ մոտավորապես 130 սանտիմետր: Իշխանությունների ներկայացուցիչները խնդրում են անվտանգության մեջ գտնվող մարդկանց՝ մնալ տեղերում եւ չփորձել տեղափոխվել ջրով լցված փողոցներով: Իշխանությունները նաեւ հորդորել են նավակների տերերին՝ օգնություն ցուցաբերել փրկարարական գործողություններում:

Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ Տեխասում փոթորկի հետեւանքներն արդեն գերազանցել են իշխանությունների եւ օդերեւութաբանների ամենավատ սպասումները:

CNN ամերիկյան հեռուստաալիքը հայտնել է, որ վերջին 12 տարվա ընթացքում ամենաուժեղ «Հարվի» փոթորկի կողմից ԱՄՆ-ի տնտեսությանը պատճառված վնասը կարող է գերազանցել 40 մլրդ դոլարը: CoreLogic հետազոտական ընկերության գնահատմամբ, որը հրապարակվել է տակավին անցած շաբաթ, փոթորկից վնասը կարող է կազմել 39,6 մլրդ դոլար, եթե այն հասնի երրորդ կատեգորիային: Մինչդեռ դրա ուժը հասել է չորրորդ կատեգորիայի՝ այնուհետեւ իջնելով մինչեւ առաջին կատեգորիա:

«Հարվի» փոթորիկը Տեխասի ծովափին մոլեգնել է լույս օգոստոսի 26-ի գիշերը: Քամու առավելագույն արագությունը հասել է ժամում 215 կիլոմետրի: Ավելի քան 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, ավերված են բազմաթիվ տներ, զոհվել է երեք մարդ, նահանգում տարերային աղետի ռեժիմ է սահմանված, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս