Կարեն Կարապետյանը փորձում է ստանալ Թուրքմենստանը գազալցակայաններով պատելու պատվերը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան հանրության շրջանում, մեղմ ասած, որևէ հետաքրքրություն չառաջացրեց: Այցին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններն էլ զուտ արարողակարգային էին:
Ու դա բնական է՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև, ըստ էության, սերտ հարաբերություններ չկան: Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀ և Թուրքմենստանի իշխանությունների միջև վերջին շրջանում ամրապնդվում են անձնական կապերը: Այս տարվա մարտի վերջին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելեց Թուրքմենստան, ինչի մասին ևս զուտ արարողակարգային բնույթի պաշտոնական հաղորդագրություններ տարածվեցին:
Խնդիրն այն է, որ գազի պաշարներով հարուստ Թուրքմենստանը ցանկանում է իր տարածքում ավտոմեքենաները համատարած անցկացնել գազի, իսկ դրա համար անհրաժեշտ է ողջ երկրի տարածքը պատել գազալցակայաններով: Դա բավական թանկ ծրագիր է, և Կարեն Կարապետյանը փորձում է իրեն փոխկապակցված ընկերություններով վերցնել այդ պատվերի մի զգալի մասը: Բացի դրանից, ակնկալվում է, որ ավտոմեքենաները գազային վառելիքի սարքավորումներով համալրելու գործում կներգրավվեն նույն ընկերությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: