Իսպանիայի թագավորը և վարչապետը կմասնակցեն ահաբեկչության դեմ երթին. Cadena Ser
Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը երկրի վարչապետ Մարիանո Ռախոյի և իսպանացի մի շարք քաղաքական գործիչների հետ միասին կմասնակցեն ահաբեկչության դեմ ցույցին, որը Բարսելոնայում կանցկացվի օգոստոսի 26-ին: Այդ մասին հայտնել է Cadena Ser ռադիոկայանը՝ վկայակոչելով թագավորական պալատի աղբյուրներ:
Ինչպես նշում է ռադիոկայանը, դա առաջին անգամը կլինի երկրի պատմության մեջ, երբ թագավորը ցույցի է մասնակցում: Դրա հետ մեկտեղ հաղորդվում է, որ, լինելով արքայազն, նա արդեն մասնակցել է երթի 2004 թվականի մարտի 11-ին Մադրիդի «Ատոչի» կայարանում կատարված ահաբեկչական գործողություններից հետո, որոնց հետևանքով զոհվեց 191 մարդ և շուրջ 2 հազար հոգի վերքեր ստացան: Երթը կսկսվի տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով ժամը 20:00-ին) և կանցկացվի «No tinc for» («Ես չեմ վախենում») նշանաբանի ներքո՝ ի նշան անցած շաբաթ Կատալոնիայում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակի:
Որպես միջոցառման նախաձեռնողներ հանդես են եկել Բարսելոնայի քաղաքագլուխ Ադա Կոլաուն և Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսպանիայի նախարարներին և ազդեցիկ քաղաքական գործիչներին Մադրից Բարսելոնա կտեղափոխեն կառավարական ինքնաթիռով:
Օգոստոսի 17-ի ցերեկը ավտոֆուրգոնը մարդկանց բազմության մեջ էր մխրճվել Բարսելոնայի Ռամբլա հետիոտների փողոցի շրջանում: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այդ օրն ավելի ուշ համանման միջադեպ է տեղի ունեցել Բարսելոնայից 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կամբրիլսում: Պաշտոնական տվյալներով՝ Իսպանիայում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 15 մարդ, 130-ը տուժել են:
Իրավապահների տեղեկատվության համաձայն, ահաբեկչական գործողությունների հետևում կանգնած էր խմբավորում, որի մեջ մտնում էր 12 մարդ: Նրանցից չորսը ձերբակալվել են, հինգը ոչնչացվել Կամբրիլսի ահաբեկչությունից հետո: Եվս երկուսը, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների գլխավոր կազմակերպիչ իմամ Աբդելբաքի Էս Սաթին, հարձակումների նախօրյակին զոհվել են Ալկանարում գտնվող տանը տեղի ունեցած պայթյունից, որտեղ ահաբեկիչները ռումբեր Էին պատրաստում: Ֆուրգոնի վարորդը՝ Բարսելոնայում բազմությանը վրաերթի ենթարկած 22-ամյա մարոկոյացի Յունես Աբույակուբը, ոչնչացվել է Սուբիրատսում օգոստոսի 21-ին անցկացված հատուկ գործողության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: