24 հազար տուգանք՝ ավտոմեքենայից ծխախոտը նետելու համար. կազմվել է տուգանքների ցանկը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ:

Նախարարությունն առաջարկում է ընդունել «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենք եւ փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:

Առաջարկվող օրենսդրական նախաձեռնության նախագծում արդեն հստակ ձեւակերպված է չսահմանված վայրում աղբ թափելու տուգանքների չափերը ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում: Armtimes.com-ը ստորև ներկայացնում է օրենսդրական փաթեթից առանձնացված ավելի հաճախ հանդիպող դեպքերը:

Շրջակայքում մինչև 2 կգ աղբ թափողը կտուգանվի 16 հազար դրամով: Եթե նույն գործողությունը կատարվել է բնակելի տան պատուհանից կամ շենքից առաջացնում է 20 հազար դրամ տուգանք: Տուգանքի այս տեսակի մեջ, բնականաբար, մտնում է նաեւ ծխախոտի մնացորդ եւ այլ առարկաներով շրջակա միջավայրն աղտոտելու դեպքերը:

Եթե փոխադրամիջոցի միջից է նետվել աղբը, ապա տուգանվում է դրա վարորդը, իսկ եթե հանրային տրանսպորտից է աղբ նետվել, ապա աղբ նետողն է տուգանվում: Այս երկու դեպքերում էլ տուգանքի չափը 24 հազարական դրամ է:

Մինչև 1 խորանարդ մետր շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտումն առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 100 հազար դրամի չափով: 1 խորանարդ մետրից ավելիշինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված 100 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում 200 հազար դրամի չափով:

Տարածքի աղտոտումն ընտանի կամ այլ կենդանիների փոքրաչափ կենսաբանական նյութերով առաջացնում է տուգանքի նշանակում 10 հազար դրամի չափով: Տարածքի աղտոտումը մինչև 1 խորանարդ մետր ծավալի կենսաբանական նյութերով, կոյուղու թափոններով առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձանց դեպքում 30 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց դեպքում 100 հազար դրամի չափով: Տարածքի աղտոտումը 1 խորանարդ մետր ծավալը գերազանցող կենսաբանական նյութերով, կոյուղու թափոններով առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց դեպքում 100 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ 400 հազար դրամի չափով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս