Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել բանակին՝ պատրաստվել ԿԺԴՀ-ի հնարավոր սադրանքներին. Yonhap
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կոչ է արել երկրի բանակին և ԱՄՆ-ի զինծառայողներին, որոնք մասնակցում են Կորեայի Հանրապետության տարածքում անցկացվող համատեղ զորավարժություններին, պատրաստ լինել ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր սադրանքներին: Այդ մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը:
«Ես ձեզ խնդրում եմ լիովին պատրաստ լինել պաշտպանությանը, եթե Հյուսիսային Կորեան հերթական սադրանքը կատարի զորավարժությունների ժամանակ»,- ասել է Մուն Չժե Ինն օգոստոսի 23-ին զինվորական հրամանատարական կենտրոն կատարած այցելության ժամանակ:
Կորեական թերակղզու իրադրությունը խիստ լարված է մնում Փենյանի կողմից հրթիռամիջուկային ծրագրի ակտիվ զարգացման ֆոնին: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ կատարել է բալիստիկ հրթիռների փորձարկումներ, ինչը սուր արձագանք է առաջացրել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:
Օգոստոսի 21-ին Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ համատեղ իր տարածքում սկսել է հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցում են շուրջ 50 հազար հարավկորեացի և 17,5 հազար ամերիկացի զինծառայողներ: ԿԺԴՀ-ն վարժանքները համարում է թշնամական գործողություններ, որոնք սրում են Կորեական թերակղզու իրադրությունը: Սեուլն իր հերթին քանիցս հայտարարել է, որ վարժական գործողությունները կրում են պաշտպանողական բնույթ և ուղղված չեն տարածաշրջանում լարվածության էսկալացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: