Վիճաբանություն ու դանակահարություն Եղվարդում
Օգոստոսի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել 1985 թ. ծնված Գրիգոր Գ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Թումանյանի բաժնի և ՀՀ ՔԿ ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող տան մոտ Գրիգոր Գ.-ն վեճի է բռնվել 1989 թ. ծնված Սարգիս Մ.-ի հետ, որի ընթացքում Սարգիս Մ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գրիգոր Գ.-ին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Սարգիս Մ.-ն հայտնաբերվել է Լոռու մարզի Ախթալա համայնքում և բերման ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:
Ըստ տուժողի հաղորդման՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 20.00-ից 21.00-ի սահմաններում, Սարգիս Մ.-ն վիճաբանության ժամանակ դանակով 2 անգամ հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, սակայն իրենից ոչինչ չի հափշտակել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: