ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը պաշտպանում է ուկրաինացիների 40 տոկոսը
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը պաշտպանող ուկրաինացիների թվաքանակը 2017 թվականին աճել է մինչև 40 տոկոս, 2013 թվականին նրանց բաժինը կազմում էր 14 տոկոս: Այդ մասին վկայում են օգոստոսի 22-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել է Իլկ Կուչերիվի անվան «Դեմոկրատական նախաձեռնություններ» ուկրաինական հիմնադրամի կողմից:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին առաջարկել է քննարկումներ սկսել Կիևին դաշինքին անդամակցության գործողությունների պլան տրամադրելու շուրջ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ուկրաինան առայժմ չի պատրաստվում դաշինքին անդամակցելու հայտ ներկայացնել և մտադիր է կենտրոնանալ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու վրա:
«2013 թվականին նման հեռանկարը (ՆԱՏՕ-ին անդամակցելու) դրական է ընդունել ուկրաինացիների 14 տոկոսը, դեմ է արտահայտվել 54 տոկոսը: Մեկ տարի անց, 2014 թվականին, դրական վերաբերմունքը կազմել է 35 տոկոս, բացասականը՝ նույնպես 35 տոկոս, իսկ այժմ՝ 2017 թվականին, դրական վերաբերմունքը գերազանցում է (40 տոկոս՝ 36 տոկոսի դիմաց)»,- ասված է փաստաթղթում:
Ինչպես վկայում են ուսումնասիրության արդյունքները, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը պաշտպանում են արևմտյան և կենտրոնական տարածաշրջաններում, իսկ հարավում և արևելքում հիմնականում հանդես են գալիս դաշինքին անդամակցության դեմ: Դոնբասում հարցման մասնակիցների 50 տոկոսը հանդես է եկել ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ, իսկ հարցվածների 19 տոկոսը՝ կողմ:
Հետազոտությունն անցկացվել է 2017 թվականի հուլիսի 3-ից մինչև 25-ը: Հարցմանը մասնակցել է 1,8 հազար մարդ՝ Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում: Լուգանսկի եև Դոնեցկի մարզերում հարցումներն անցկացվել են միայն Կիևի հսկողության ներքո գտնվող տարածքներում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,3 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին