Կարմիր Բլուր գերեզմանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարդ է մահացել
Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ օգոստոսի 15-ին ժամը 20:10-ի սահմաններում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել 1958 թվականին ծնված տղամարդուն և նրա որդուն, ինչի հետևանքով տղամարդը մահացել է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Օգոստոսի 15-ին ժամը 20.40-ին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1958 թվականին ծնված տղամարդու դի։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու մահվան պատճառը պարզելու համար։ Եզրակացությունը դեռ չի ստացվել։ Փորձագետների կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է բավարար արտահայտված գեներալիզացված /համատարածուն/ աթերոսկլերոզի հետևանքով: Որդուն պատճառված վնասվածքները գնահատվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով`փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, եւ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: 59-ամյա քաղաքացին և նրա որդին ճանաչվել են տուժող։
«Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել ականատես անձինք։ Քննությամբ հստակեցվում է վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- նշեց Տռուզյանը:
Համացանցում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն` վիճաբանությունը տեղի է ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների և տեղի բնակիչների միջև աղբատար մեքենայի լվացման պատճառով, որն էլ ավարտվել է ծեծով: