Վրաստանի դատախազությունը Կիևից պահանջել է արտահանձնել Սահակաշվիլիին
Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել մի քանի երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի իրավապահ մարմիններին երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին արտահանձնելու վերաբերյալ: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը՝ վկայակոչելով հսկիչ գերատեսչության գրավոր պատասխանը:
«Գլխավոր դատախազությունը Միխեիլ Սահակաշվիլիի հարցով բանակցություններ է վարում տարբեր երկրների պատկան մարմինների հետ, շարունակվում են անհրաժեշտ բոլոր համապատասխան իրավական ընթացակարգերը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նամակում նշվում Է, որ Վրաստանի դատախազությունն ուկրաինական կողմին հարցում է ուղարկել Սահակաշվիլիին արտահանձնելու վերաբերյալ, ինչպես նաև ասված է, որ «Վրաստանի Գլխավոր դատախազությունն ակտիվորեն համագործակցում է Ուկրաինայի Գլխավոր դատախազության հետ»:
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հուլիսի 31-ին հայտարարել էր ցանկացած երկրից Սահակաշվիլիի արտահանձնումը պահանջելու պատրաստակամության մասին, որը նախկին նախագահը որպես բնակության վայր կընտրի Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո:
Այս շաբաթվա սկզբին Վրաստանի նախկին նախագահ, ինչպես նաև Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է սեպտեմբերի 10-ին Ուկրաինա վերադառնալու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: