«Ընտանիքների 25 տոկոսը մեծ խնդիրներ ունեն երեխաներին դպրոց ուղարկելու առումով». Սոցիոլոգ
«Երեխաներին դպրոց գնալուն նախապատրաստելը կարևոր խնդիր է, որ նա կարողանա 40 րոպե նստի, գրիչը բռնի, տառերը գրի, լսի, հասկանա, պատասխանի, ձևակերպի պատասխանը ու կարևորը՝ շփվի իր նոր գործընկերների հետ»,-այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ այսօր ծնողները մանկապարտեզների դերակատարությունը չեն գնահատում այն առումով, որ երեխան մանկապարտեզում այդ ամենը սովորում է: Ա. Ադիբեկյանի բնորոշմամբ՝ 3-6 տարեկան 100 հազար երեխա չի այցելում մանկապարտեզներ, ինչը, ըստ սոցիոլոգի, նշանակում է, որ 100 հազար երեխա պատրաստ չէ դպրոցում նորմալ սովորելու: Նրա կարծիքով՝ ժամանակ է պետք, որը երեխան կորցնում է, մինչև կարողանում է հարմարվել դպրոցական ռեժիմին:
«Ի՞նչ է նշանակում երեխային նախապատրաստել դպրոց գնալուն. երեխան պետք է ունենա աշնանային հագուստ, որ հետո գարունը նորից կարող է հագնել, ձմեռային հագուստ, ինչպես նաև` ամառային հագուստ: Պետք է պայուսակ, գրենական պիտույքներ առնել, եթե դպրոցը հեռու է, ծնողը պետք է տրանսպորտի ծախսը նախատեսի, սնունդ պետք է տան: Ընտանիքների 25 տոկոսը մեծ խնդիրներ ունեն երեխաներին դպրոց ուղարկելու առումով, նրանք մի կերպ կարողանում են մեծ եղբոր, քրոջ հագուստը հարմարեցնել փոքր եղբոր, քրոջ համար, արդեն դպրոցն ավարտած մեծ եղբոր պայուսակը դառնում է առաջին դասարանցու պայուսակ, և նման բաներով կարողանում են այդ հարցը լուծել»,- նկատեց Ա. Ադիբեկյանը:
Նա ասաց, որ իրենց հաշվարկներով՝ երեխային լիարժեք դպրոց ուղարկելու համար պետք է մոտավորապես 300 դոլար, որը, սոցիոլոգի գնահատմամբ, բավականին մեծ գումար է. «Խնդիրն այն է, որ երբ երեխան գալիս է դպրոց և վատ է հագնված, սնունդ չունի՝ մեծ դասամիջոցին ուտելու, նա արդեն հոգեբանորեն ծանր կորուստ է տանում, ու ամբողջ կյանքում այդ կորուստը մնում է իր մեջ, նա իրեն լիարժեք անձ չի զգում: Ծնողների խնդիրն այն է, որ, նախ, երեխան շատ չկտրվի իր շրջապատից, որովհետև նրան կմեկուսացնեն, ընկերություն չեն անի, և նա չդառնա մերժված, ատված, չսիրված, որ իր հետ կարողանան ընկերություն անեն, համատեղ օգնեն: Եթե երեխան դառնում է չքավոր, նա վատ է սովորում, նա ամաչում է իր կարծիքը հայտնել, չի կարողանում իրեն պաշտպանել և այլն»:
Ըստ Ա. Ադիբեկյանի՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ճիշտ է ասում, որ սոցիալական խնդիրները պետք չէ միայն պետության հույսին կապել. «Մենք էլ կարող ենք միջամտել ու նման խնդիրներ լուծել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: