Իսրայելցի նախարարին չհաջողվեց կանխել անօդաչուների սկանդալը. ինչո՞ւ է ուշանում ՊՆ որոշումը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 14-ին իսրայելական մամուլում սկանդալային արտահոսք հայտնվեց: Ըստ այդմ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունում հետաքննություն է ընթանում Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունների վերաբերյալ: «Մաարիվ ա-Շաուվա» պարբերականի տվյալներով՝ հետաքննության հիմքում Իսրայելի պաշտպանության նախարարությանը հասցեագրված բողոքն է:
Պարբերականի տեղեկություններով, Aeronautics Defence System ընկերության աշխատակիցներն իրենց արտադրանքը վաճառելու նպատակով Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերը փորձարկել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով, և այս փաստով բողոք է ներկայացվել նախարարությանը: Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, ընդ որում՝ ընկերության երկու օպերատորները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների խնդրանքը, որովհետեւ ռազմական տեխնիկան կենդանի թիրախների վրա փորձարկելն արգելվում է իրենց երկրի օրենքով, և ընկերության ղեկավարները ստիպված են եղել անձամբ կառավարել անօդաչու սարքը, որը, սակայն, վրիպել է:
Սույն ընկերությունն ու Իսրայելում ՀՀ դեսպանը հերքում են այս տեղեկատվությունը, իսկ հայկական տիրույթում փորձ է արվում հասկանալ, թե ով է կանգնած արտահոսքի ետեւում, արդյո՞ք դրանով ինչ-որ երրորդ կողմ ցանկանում է փչացնել հայ-իսրայելական հարաբերությունները, կամ գուցե մրցակից ընկերություններից մե՞կն է Aeronautics Defence System-ին վատություն անում եւ այլն:
Տվյալ դեպքում, սակայն, ավելի կարևոր է, թե ով է այդպիսի բովանդակությամբ բողոք ներկայացրել Իսրայելի պաշտպանական գերատեսչությանը:
Այն մասին, որ իսրայելցի մասնագետներն իրենց արտադրած հարվածային անօդաչու սարքերն անձամբ էին կառավարում ապրիլյան պատերազմի օրերին, խոսվում էր հենց պատերազմի օրերին: Այդ ժամանակ եւ դրանից հետո, սակայն, ոչ համապատասխան դիմում եղավ, ոչ հետաքննություն, եւ ոչ էլ՝ մամուլում արտահոսք: Իսրայելի համապատասխան մարմինները նույնիսկ չարձագանքեցին Հայաստանի և Սփյուռքի ահազանգերին, թեեւ Երուսաղեմի հայ համայնքը նույնիսկ բողոքի ցույցեր կազմակերպեց:
Ուրեմն ի՞նչ է փոխվել հիմա, եւ ո՞վ կարող էր նման դիմում ներկայացնել Իսրայելի ՊՆ-ին: Այս հարցում որևէ այլ շահագրգիռ կողմ, քան Հայաստանն է, դժվար է պատկերացնել: Իսրայելի մասնագետների կողմից կառավարվող անօդաչուներն, ըստ էության, ամենամեծ խնդիրն էին ապրիլյան պատերազմի օրերին: Դա նշանակում է, որ հետագա հնարավոր պատերազմական իրավիճակներում դրանց դեմ նույնպես դժվար կլինի պայքարել: Մինչդեռ խնդիրն էականորեն կհեշտանա, կամ գուցե ընդհանրապես օրակարգից դուրս գա, եթե այդ անօդաչուները կառավարվեն հենց ադրբեջանցիների կողմից, որոնք քիչ հավանական է, որ առաջիկա տարիներին կկարողանան լիարժեքորեն տիրապետել այդ զենքին:
Արդյո՞ք Հայաստանը կարող է կապ ունենալ սկանդալային այս զարգացումների հետ: Դժվար է պատկերացնել մեխանիզմները, սակայն այդպիսի եզրահանգման համար որոշակի հիմքեր կան:
Այն պնդումը, որ իսրայելցի մասնագետներն Ադրբեջանի կողմից պատերազմում էին Արցախի դեմ 2016-ի ապրիլին, ըստ էության, վերլուծության և ոչ թե փաստերի առկայության հետեւանք էր: Այդ ժամանակ հայկական կողմը չուներ տեխնիկական այնպիսի բագաժ, որ կարողանար նաեւ փաստեր արձանագրել:
Ներկայում իրավիճակը բոլորովին այլ է. բոլորն են արձանագրել Պաշտպանության բանակի եւ առաջնագծի տեխնիկական և սպառազինության համալրումների մասին:
Երևանն այս սկանդալում, կարծես թե, ամենեւին էլ պասիվ դիտորդի դերում չէ: Սրա մասին է թերեւս վկայում նաև Իսրայելից բավական բարձր մակարդակով կազմակերպված այցը Հայաստան: Հուլիսի 25-27-ին Երեւանում էր այդ երկրի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Սա լուրջ այց էր, որովհետեւ վերջին 10 տարվա ընթացքում Իսրայելից որեւէ նախարար չէր այցելել Հայաստան: Ընդ որում, Հանեգբին հարուստ փորձով եւ կենսագրությամբ պաշտոնյա է, որը երկար տարիներ համակարգել է իսրայելական հատուկ ծառայությունների աշխատանքը:
Նա իր այցը գնահատեց որպես հայ-իսրայելական հարաբերություններում նոր ճեղքում, ասաց, որ մեկ ուղերձով է եկել՝ զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Ճիշտ է, նախարարը հարցազրույցներում ասաց, որ իր այցի օրակարգում անվտանգության և ռազմական ոլորտին առնչվող հարցեր չկան, միայն զբոսաշրջություն, առևտուր, սակայն միշտ չէ, որ նման այցերի ժամանակ փակ դռների ետեւում քննարկվող ամենակարեւոր թեմաները տեղ են գտնում հարցազրույցներում:
Հայ-իսրայելական հարաբերությունների տրամաբանության մեջ հիմա ընդհանրապես նման բարեկամական այց չէր մտնում: Այնպես որ, չի բացառվում, որ նախարարը եկել էր անօդաչուների հետ կապված դիմումի հետքերով, լուծումներ գտնելու և սկանդալից խուսափելու նպատակով:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը Ցախի Հանեգբինի այցի նախորդ օրը մեկնեց արձակուրդ, այդպես էլ նրան չընդունելով: Դա մի կողմից հստակ ուղերձ էր Իսրայելին: Մյուս կողմից նշանակում է, որ եթե այցի նպատակը սկանդալը հարթելն է եղել, ապա այն ի սկզբանե ձախողված էր: Իսրայելի պաշտպանության նախարարությունն առայժմ չի հայտարարել, թե ինչ է պարզվել իրենց հետաքննության արդյունքում: Ենթադրվում է, այդ հայտարարությունը չի լինի, մինչև Հայաստանն ու Իսրայելը ընդհանուր հայտարարի չգան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: