Մահվան նպաստի համար հարազատները դիմում կարող են ներկայացնել ցանկացած տարածքի ծառայություն
ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվեցին փոփոխություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը գործադիրի նիստում նշեց, որ նախատեսվող փոփոխությունն իրավակիրառ բնույթի է:
«Փոփոխությունը վերաբերում է կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման և մահվան դեպքում չստացած թոշակը ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգին: Եթե նախկինում դիմումը կարող էր ներկայացվել միայն հաշվառման վայրի ծառայություն, այժմ կարող են ցանկացած տարածքում գտնվող համապատասխան ծառայությունում դիմում ներկայացնել»,- ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ նախագիծը քննարկվել և հավանության է արժանացել շահագրգիռ գերատեսչությունների կողմից: