Բաժիններ՝

Պրիշտինան մերժել է Կոսովոն բաժանելու Սերբիայի ԱԳ նախարարի առաջարկությունը

Պրիշտինան տարածաշրջանի համար վտանգավոր է համարել Կոսովոն սերբական և ալբանական շրջանների բաժանելու Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի առաջարկությունը: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի նիստում հայտարարել է չճանաչված հանրապետության ներկայացուցիչ Վլորա Չիտակուն:

«Էթնիկ նկատառումներով որոշումների ընդունման հայեցակարգի վերադարձը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար: Եթե մենք մերժենք մշակութային ու էթնիկական բազմազանությունը մեր պետությունների ներսում, մեր սահմանների ներսում, այդժամ ինչպե՞ս կկարողանանք Եվրոպական միությունում գոյակցել Սերբիայի հետ»,- ասել է նա:

Վլորա Չիտակուն պնդել է, որ միակողմանի կարգով Կոսովոյի անկախության հռչակումը «ժամանակավոր նախագիծ չէ»: «Կոսովոն ոչ մի տեղ չի գնա: Հարաբերությունների նորմալացման և հաշտեցման անկարելի է հասնել մասնատմամբ ու ենթարկեցմամբ»,- նշել է չճանաչված հանրապետության ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԱԳ նախարար Իվիցա Դաչիչն առաջարկել է Կոսովոյի հյուսիսային մասը հանձնել Բելգրադի հսկողության ներքո: Բացի այդ, Դաչիչի կարծիքով, անհրաժեշտ է լայն ինքնավարություն տրամադրել սերբական այն մունիցիպալ կազմավորումներին, որոնք կմնան Կոսովոյի հարավում: Ինչ վերաբերում է սերբական ուղղափառ վանական միաբանություններին, նախարարը խորհուրդ է տվել դրանց տալ վանական հանրակցության հատուկ ինքնավար կարգավիճակ՝ հունական Աֆոնի օրինակով:

Միևնույն ժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Պրիշտինան պետք է Բելգրադին ֆինանսական փոխհատուցում վճարի մասնավոր ու պետական սեփականությունն անօրինականորեն բռնազավթելու համար:

«Բոլորին է հարկավոր սերբ-ալբանական հակամարտության մշտական լուծումը, և դա կարող է ձեռք բերվել միայն սերբերի և ալբանների միջեւ համաձայնությամբ, որով յուրաքանչյուր կողմը ինչ-որ բան կստանա և կկորցնի»,- գրել է Սերբիայի արտաքին գործերի նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս