Բաժիններ՝

Ավիատոմսերի թանկացումը Հայաստանում կապված է «պիկ սեզոնի» հետ. մեկնաբանություն պետական և մասնավոր հատվածից

Ավիատոմսերը Հայաստանում թանկացել են պահանջված ուղղություններով. թանկացումը պայմանավորված է «պիկ սեզոնով»: «Արմենպրես»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչությունից և ավիատոմսերի վաճառքով զբաղվող հայկական ընկերություններից:

Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը նկատեց, որ Հայաստանում ավիատոմսերի գները զգալի աճել են. թանկացման պատճառը պահանջարկի խիստ աճն ու համապատասխան առաջարկի բացակայությունն է: «Այս սեզոնին եւ մասնավորապես օգոստոսին տոմսերը թանկանում են եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում»,-ասաց նա:

Թե որքանով են թանկացել տոմսերը կհրապարակի վիճակագրական ծառայությունը: «Ավիատոմսերի գները աստիճանաբար կսկսեն նվազել արդեն սեպտեմբերին: Այդ ժամանակ պահանջարկը կնվազի եւ շուկան կկարգավորվի»,-ասաց Աննա Չոբանյանը:

Նրա խոսքով՝ երբ պահանջարկը խիստ աճում է, էկոնոմ կլասի տոմսերը շատ ավելի շուտ են սպառվում եւ մնում են բարձր կամ բիզնես կլասի տոմսերը:

Անդրադառնալով ուղեւորահոսքի աճին, Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետն ասաց, որ ամեն ամսվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ 30 տոկոսի աճ ունենք: «2016 թվականի մեր տարեկան ցուցանիշը փակվել է աննախադեպ աճով եւ 1992 թվականից ի վեր նման ցուցանիշ չի գրանցվել Հայաստանում: Հետաքրքիրն այն է, որ ներգնա ուղեւորահոսքն ավելի շատ է եղել, քան արտագնան: Մարդիկ ավելի շատ գալիս են, քան գնում»,-հավելեց նա:

Ավիատոմսեր վաճառքով զբաղվող ընկերությունները տեղեկացրին, որ թանկացումն արձանագրվել է մի քանի ուղղություններով՝ պայմանավորված օգոստոս ամսին՝ թեժ սեզոնով: «Մասնավորապես թանկացել են դեպի Բարսելոնա և իտալական քաղաքներ ուղղություններով ավիատոմսերը՝ 300 եվրոյով»,-ասաց «Աէրոմիքս տուր» տուրիստական գործակալության տնօրեն Թամարա Սարգսյանն ու հավելեց, որ սեպտեմբերի կեսին ավիատոմսերի գները սովորաբար նորից իջնում են:

Ավիաընկերությունների փաստմամբ՝ թանկացել են հիմնականում բարձր պահանջարկ ունեցող ուղղությունների տոմսերը: Իսկ թանկացման չափը կախված է ծանրաբեռնվածությունից: Նշում են՝ ամենապահանջված ուղղություններից թանկացել են նաև Երևան-Մոսկվա, Երևան-Կիև չվերթի տոմսերը:

«Երևան-Մոսկվա տոմսի թանկացումը երևի թե պայմանավորված է նրանով, որ ամռանը շատ մարդիկ են եկել Հայաստան և հիմա հետ են դառնում՝ կապված դպրոցական, ուսումնական շրջանը սկսելու հետ: Դեպի Մոսկվա ավիատոմսերը թանկացել են մոտ 120.000 դրամով»,-ասացին «Դուբայ տուր» ընկերությունից:

Ուկրաինական ուղղությամբ ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Կարինե թրավել» ընկերությունից ևս հաստատում են տոմսերի գների թանկացման փաստն ու որպես պատճառ նշում «պիկ սեզոնը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս