Բաժիններ՝

Միլսի առաջարկով Հայաստանը զինվորական տարկետում կտա Նյու Յորքի համալսարան ընդունված Ցոլակ Ղուկասյանին

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ՀՀ քաղաքացի Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով, որպեսզի վերջինս մագիստրոսական ծրագրի կրթությունը ստանա ԱՄՆ-ում:

Ղուկասյանին մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության օգոստոսի 17-ի նիստի օրակարգում:

Ցոլակ Ղուկասյանը, ով ծնվել է 1995 թվականին Վանաձորում, ընդունվել է «Նյու Յորք համալսարանի» մագիստրատուրա՝ «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ: Ղուկասյանն ավարտել է Մոսկվայի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի բակալավրիատը և 2017թ. «Ֆուլբրայթ-Հովնանյան» ծրագրի շրջանակում արժանացել է «Նյու Յորք համալսարանի» «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ մագիստրոսական կրթաթոշակին: Ուսումնառության ավարտը նախատեսվում է 2019 թվականի աշնանը:

Ֆուլբրայթ-Հովնանյան ուսանողական ծրագիրը հովանավորում է Հայաստանի քաղաքացիների մագիստրոսական կրթությունը ԱՄՆ համալսարաններում: Ծրագիրը նորաստեղծ է և ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության ու Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի կողմից: Ծրագրի համակարգողն ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժինն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս