Բաժիններ՝

«Խոսրովի անտառ»-ում շուրջ 200 հա գիհի ծառատեսակներ են այրվել. hայտնի է վնասի նախնական չափը

ՀՀ Բնապահպանության նախարարությունը հրապարակում է «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի պատճառած վնասի նախնական չափը: ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ նախնական հաշվարկների համաձայն` հրդեհի տարածքը ընդգրկել է 2,5-3 հազար հա, որի 8-10 տոկոսը անտառածածկ:

Օդային օպերացիաներից հետո հրդեհի հիմնական օջախները մարված են: Հիմնականում կրակի ճիրաններում հայտնվել է գիհի ծառատեսակը, որը շուտ բռնկվող տեսակ է ՝ շուրջ 200 հա տարածքով:

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում: Խոսրովի պետական արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 150-ից ավելի փրկարարական ծառայող և 6 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենա: Հրդեհաշիջմանն ընդգրկվել են՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը, ՀՀ ՊՆ օդուժի 2 ուղղաթիռ և Զինված ուժերի ստորաբաժանումների 132 զինծառայող, ՀՀ ոստիկանության 70 ծառայող, անտառտնտեսության 50 աշխատակից, Բնապահպանության պետական տեսչության 8 աշխատակից, ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր և հարակից բնակավայրերից շուրջ 600 բնակիչ, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարով, «Ապառաժ» ՍՊԸ աշխատակիցներ: ՌԴ ԱԻ նախարարության տրամադրած «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է հրդեհաշիջող 4 թռիչք արգելոցի տարածքում՝ ջրատարների միջոցով լիցքավորվելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Ներկայումս օդանավը պատրաստվում է 5-րդ թռիչքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս