Անտարկտիդայում 106 տարվա մրգային կեքս է գտնվել
Անտարկտիդայում հետազոտողները հայտնաբերել են լավ պահպանված բրիտանական ավանդական մրգային կեքս: Այս մասին հաղորդում է «Բի-Բի-Սի»-ին: Ենթադրվում է, որ այն պատկանել է հայտնի բևեռախույզին` Ռոբերտ Ֆոլկոն Սքոթին, ով Հարավային բևեռի առաջին բացահայտողներից է:
Հետազոտողների խումբն ուսումնասիրում է Անտարկտիդայում գտնվող նորվեգացի հետազոտող Քարստեն Բորխգրևինկի խրճիթը, որը կառուցել է 1899 թվականին, որից էլ օգտվել է Սքոթն իր «Տեռանովա» արշավի շրջանակում 1911 թվականին: Որոշ տվյալների համաձայն, նա շատ է սիրել «Huntley & Palmers» ֆիրմայի արտադրության կեքս և արշավների ժամանակ միշտ վերցրել է իր հետ:
Կեքսը գտած հետազոտողները նշում են, որ տուփը փոքր-ինչ մաշվել է, բայց ինքը` խմորեղենը, գտնվում է շատ լավ վիճակում և ախորժաբեր բուրմունք ունի:
Ավանդաբար բրիտանական կեքսի բաղադրության մեջ եղել են թարմ կամ չորացրած մրգեր: Սկզբում այն պատրաստվում էր սուրբծննդյան տոներին: Սառնարանում այն կարելի է պահել մի քանի ամիս, իսկ սառցարանում` մի քանի տարի: