Մադուրոն ԱԳ նախարարին կարգադրել է նախապատրաստել իր անձնական հանդիպումը Թրամփի հետ
Վենեսուելան պատրաստ է վերականգնել նորմալ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե դրանք հիմնված լինեն երկխոսության եւ փոխադարձ հարգանքի վրա: Օգոստոսի 10-ին այս մասին հայտարարել է հարավամերիկյան հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ Սահմանադրական ասամբլեայի (ՍԱ) առջեւ ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Venezolana de Televisiցn հեռուստաալիքի եթերում։
«Ես հավատում եմ դիվանագիտությանը եւ այս մեծ ՍԱ-ի ամբիոնից նախագահ Դոնալդ Թրամփին հավաստում եմ իմ ցանկությունը՝ վերականգնելու քաղաքական հարաբերությունները՝ հիմնված երկխոսության, հարգանքի եւ հավասարության սկզբունքների վրա»,- ասել է նա:
Մադուրոն նաեւ հանրապետության արտաքին գործերի նախարար Խորխե Արեասային ցուցում է տվել «սկսել քայլեր ձեռնարկել» Թրամփի հետ հանդիպման կամ հեռախոսազրույցի կազմակերպման համար:
Ավելի վաղ Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան, որն աշխատանքն սկսել է անցած շաբաթվա վերջին, հայտարարել է, որ երկրում իշխանության ոչ մի ճյուղ չի կարող խոչընդոտել իր կողմից ընդունված որոշումներին:
Հուլիսի 30-ին կայացած ընտրությունների արդյունքներով Սահմանադրական ասամբլեայի ստեղծումը հավանության չի արժանացել միջազգային հանրակցության կողմից:
Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում քվեարկության արդյունքները: ԱՄՆ-ը ՍԱ-ի ընտրությունները որակել Է «հարված ժողովրդավարությանն ամբողջ կիսագնդում» եւ պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: