Քիրկուկի նահանգապետը չի բացառել քրդական մի քանի պետությունների ստեղծումը
Իրաքի Քիրկուկ հյուսիսային նահանգի նահանգապետ Նաջմադին Քարիմը չի բացառել քրդական մի քանի պետությունների ստեղծման հնարավորությունը՝ ինչպես որ գոյություն ունեն 20-ից ավելի արաբական երկրներ:
Այս տարի Քիրկուկի նահանգը միացել է ինքնավար Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին, որը նշանակված է սեպտեմբերի 25-ին: Բաղդադը եւ նրա առաջատար դաշնակիցները՝ ԱՄՆ-ը եւ Իրանը, հանդես են եկել հանրաքվեի դեմ: Բացի Իրաքից, քրդերն ապրում են նաեւ հարեւան երկրներում՝ Սիրիայում, Իրանում եւ Թուրքիայում:
«Քրդստանի յուրաքանչյուր մասն իր առանձնահատկությունն ունի: Թուրքիայում, Իրանում, Սիրիայում քրդերն իրենք են որոշում, թե ինչ են իրենք ցանկանում: Արաբական 22 երկրներ կան, եւ մենք էլ կարող ենք մեկից ավելի քրդական պետություն ունենալ»,-հայտարարել է Քարիմը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ Քիրկուկի նահանգն Իրաքյան Քրդստանի «կենսականորեն կարեւոր, գլխավոր եւ հիմնական մասն է եւ իրավունք ունի մասնակցել հանրաքվեին, քանի որ այդ որոշումն ընդունել է տեղական խորհուրդը: Քիրկուկի նահանգի խորհուրդն ապրիլին քվեարկել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին մասնակցության օգտին: Բաղդադը համարում է, որ Քիրկուկի նահանգը ենթակա է կենտրոնական կառավարության վերահսկմանը: