Կառավարությունը նախատեսում է գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով տրամադրել ժամանակավոր մաքսային արտոնություններ
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ժամանակավոր մաքսային արտոնությունների հնարավորությանը: Նա նշել է, որ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցությամբ ծրագրերի իրականցման ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլայի ոռոգման համակարգի տեղադրման, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնման և կայացման անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար առկա մաքսային վճարները գյուղատնտեսությամբ զբաղվողների համար առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ:
«Հաշվի առնելով այն, որ տեղական արտադրողները դեռևս ամբողջությամբ չեն բավարարում շուկայի պահանջները՝ անհրաժեշտ են նշված ոլորտի համար նախատեսված ապրանքների ներմուծման ժամանակավոր խրախուսման մեխանիզմներ», – ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ ապրանքների ներմուծման մաքսային վճարների ժամանակավոր արտոնություններ սահմանելու և տեղական արտադրողներին աջակցելուն ուղղված առաջարկություններ: