Իգնատի Առաքելյանը վստահեցնում է՝ Լոռիում դաբաղ չկա
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը վստահեցնում է, որ Լոռու մարզում դաբաղ չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առաքելյանը նշեց, որ ներկա դրությամբ Սննդի անվտանգության պետական ծառայության և գյուղատնտեսության նախարարության մասնագետները տեղում վերլուծում են իրավիճակը, նմուշառում են իրականացնում:
Դիտարկմանը, եթե չկա նմուշառում, ապա ինչի՞ վրա հիմնվելով է գերատեսչությունը պնդում, որ դաբաղ չկա, նա պատասխանեց. «Առաջնային հետազոտությունը ցույց է տվել, որ դա դաբաղ չէ»:
Նա նաև վստահեցրեց, որ անասունների անկում չի եղել: «Կան հիվանդության նշաններ և պարզ չէ՝ դա դաբաղ է, թե՝ ոչ, իսկ կարանտին հայտարարելու խնդիր չկա, որովհետև իրավիճակը համաճարակային չէ», – շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերահսկողություն իրականացվելու, որպեսզի հիվանդացած կենդանիների միսը չվաճառվի, Իգնատի Առաքելյանն ասաց, որ այդ կենդանիներին պատվաստում է կատարվել, այժմ էլ պետք է ուսումնասիրել, թե ինչն է խնդիրը: Նախարարի խոսքով, երբ կլինի պատասխան՝ ՍԱՊԾ-ը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա: