Դենիել Քրեյգը համաձայնել է նկարահանվել Ջեյմս Բոնդի մասին ևս երկու ֆիլմերում
Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որը մի քանի տարի առաջ երդվել էր, որ «ավելի շուտ իր զարկերակը կկտրի», քան կնկարահանվի գործակալ 007 Ջեյմս Բոնդի մասին եւս մեկ ֆիլմում, համաձայնել է նկարահանվել միանգամից երկու նոր կինոնկարներում: Այդ մասին հայտնել է The Telegraph բրիտանական թերթը:
Նրա տվյալներով՝ Քրեյգը վերջապես տեղի է տվել համաշխարհային պատմության մեջ ամենաերկարատեւ ֆիլմաշարերից մեկի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլիի հորդորներին (ենթադրվում է հսկայական հոնորարի դիմաց) ու վերջին չորս կինոֆիլմերում Բոնդի դերում նկարահանումներից հետո գերլրտեսի կերպարը կմարմնավորի բոնդապատումի եւս երկու ժապավեններում:
Դրանցից առաջինը՝ թվով արդեն 25-րդը, էկրան կբարձրանա 2019 թվականի նոյեմբերին: Ռեժիսորի անունը, ինչպես նաեւ բուն կինոնկարի անվանումը դեռեւս չեն հրապարակվում:
«Շատ խոսակցություններ են եղել այն մասին, թե ով կդառնա հաջորդ Բոնդը, բայց Բարբարային հաջողվեց Դենիելին համոզել՝ մասնակցելու եւս երկու ֆիլմերի»,-գաղտնիության պայմանով թերթը մեջբերում է իրազեկ աղբյուրի խոսքը:-Նրան սիրում են ամբողջ աշխարհի հանդիսատեսները եւ (նրա մասնակցությունը) հանգեցրել է ֆիլմերի իսկական վերածննդի, դա վերաբերում է նաեւ դրամական մուտքերին»: Բացի Քրեյգից, Բոնդի դերակատարներն են եղել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը եւ Փիրս Բրոսնանը: Կինոշարքի «Դոկտոր Նոու» անվանումով առաջին ֆիլմը թողարկվել է 1962 թվականին: Բոնդապատումի մինչ այժմ վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007. ՍՊԵԿՏՐ»-ը, համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 880 մլն դոլար: