Հունաստանում տղամարդը 16 հրկիզում է սարքել, որպեսզի հրշեջներին օգնի մարելու դրանք
Հունաստանում դատարանը կալանավորել է 24-ամյա մի երիտասարդի՝ նրան մեղավոր ճանաչելով 16 հրկիզումների մեջ: Այդ մասին հայտնել է Star հեռուստաալիքը: Տղամարդը, որը հրշեջների կամավոր օգնականն էր, մարտի 14-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակամիջոցում 16 հրկիզում է սարքել մայրաքաղաքի Ատտիկայի տարածաշրջանի գյուղատնտեսական եւ անտառային շրջաններում, պարզել է դատարանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դատական քննիչի անցկացրած հարցաքննության ընթացքում երիտասարդն անմիջապես խոստովանել է մեղքը: «Ես հրկիզում էի, որովհետեւ ինձ դուր էր գալիս կամավոր գնալ եւ օգնել մարելու կրակը»,- ասել է նա:
Հունաստանում հրկիզումները, այդ թվում՝ դիտավորյալ հրկիզումները, հրդեհների հաճախ հանդիպող պատճառն են: Մասնավորապես, տեղական իշխանությունները չեն բացառում, որ հրկիզումն է դարձել Պելեպոնեսից հարավ՝ Կիթիրա կղզում սաստիկ հրդեհի պատճառը, որտեղ այրվել է տարածքի մեկ երրորդը, ոչնչացված է ավելի քան մեկուկես հազար հեկտար անտառ: Հրդեհն սկսվել է օգոստոսի 4-ին եւ մինչ այժմ շարունակվում է, թեեւ հաջողվել է կանգնեցնել կրակի տարածումը:
Վերջին շաբաթներին Հունաստանում քառասունաստիճանանոց տապ է հաստատվել, եւ իշխանությունները նախազգուշացնում են հրդեհների մեծ վտանգի մասին: Ամեն օր մի քանի տասնյակ բռնկում է տեղի ունենում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: