Նյու Յորքի տունը, որտեղ Թրամփն անցկացրել է մանկությունը, օրական 725 դոլարով տալիս են վարձակալության
Նյու Յորքի այն տունը, որտեղ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել է իր մանկությունը, մատչելի է դարձել Airbnb կարճաժամկետ վարձակալության ինտերնետ-կայքում: Վարձակալության արժեքը կազմում է օրական 725 դոլար։
Ինչպես նշված է Airbnb-ի կայքում, տունը, որը կարող է տեղավորել մինչեւ 20 մարդու, գործնականում չի փոփոխվել այն ժամանակներից, երբ այնտեղ ապրում էր Թրամփների ընտանիքը:
Վարձակալության պայմանների համաձայն՝ տան տարածքում արգելվում է կազմակերպել երեկոներ եւ պահել ընտանի կենդանիներ: Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ տանն անվճար կցվում է նախագահի «վիթխարի ստվարաթղթե ֆիգուրը», որը կանգնած է հյուրասենյակում:
Երկհարկանի աղյուսե շինությունը, որը 1940 թվականին կառուցել է Թրամփի հայրը, գտնվում է Քուինսի շրջանում՝ Մանհեթենից մոտավորապես 16 կիլոմետր հեռավորության վրա: Թրամփներն այնտեղ ապրել են մինչեւ ապագա նախագահի չորս տարին լրանալը: Դրանից հետո ընտանիքը տեղափոխվել է ոչ հեռու գտնվող տուն:
Հինգ ննջասենյակներով, չորս լոգարաններով, բուխարիով եւ ձմեռային այգով շենքն արդեն մի քանի անգամ աճուրդի է հանվել: Այս տարվա մարտին անշարժ գույքը ձեռք է բերվել 2,14 միլիոն դոլարով: The New York Times թերթի տվյալներով՝ տունը գնել է Չինաստանի քաղաքացուհի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: