«Ջրի սակագնի բարձրացումը կբերի այլ թանկացումների». Վարդան Բոստանջյան
168.am-ի զրուցակիցն է տնտեսագետ, ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը
– Պարոն Բոստանջյան, ինչպես գիտեք, Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է դա արդարացված և ինչո՞վ է պայմանավորված:
– Հասկանում եմ, որ ջրի խնայողության կտրվածքով՝ դեռևս մեզ մոտ մշակույթ, կուլտուրա չկա: Նման իրավիճակում պետք է հասկանալ, որ սակագնի բարձրացումը, ըստ էության, պետք է, բայց մյուս կողմից, մեզ՝ քաղաքացիներիս, չափազանց ցածր եկամուտների պայմաններում՝ դա լրացուցիչ դժվարություն է:
Ես հասկանում եմ, որ ջրամատակարարման համակարգերը գտնվում են վատ և ծանր վիճակում: Խոշոր առումով, սրանց վերականգնելու, արդիականացնելու առումով, անշուշտ, մեծ ֆինանսական միջոցներ են պետք: Ես չեմ կարող ասել՝ որ գործոններն են կոնկրետ ազդել այդ որոշման վրա, բայց բոլոր դեպքերում՝ սակագնի փոփոխությունը կարող է կապված լինել այդ՝ իմ կողմից նշված գործոնների հետ:
– Իսկ էներգակիրների՝ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումները կարո՞ղ էին դրա պատճառ դառնալ:
– Բոլորն իրենց մասնաբաժինն ունեն, եթե մենք ասում ենք՝ ընդհանրապես ջրամատակարարման համակարգեր, բնական չէ՞, որ սրանք ուղղակիորեն կապված են էլեկտրաէներգիայի սպառման հետ, գազի սպառման հետ, բնական է, որ տնտեսության մեջ ամեն ինչ շղթայական է, եթե մի տեղում տեղի է ունենում գների բարձրացում, այն մյուս տեղը հնարավոր չէ՝ շարունակի գործել առանց փոփոխության:
Մեկը մյուսի հետ խիստ փոխկապակցված են, և բոլոր պարագաներում, եթե մի տեղ մենք ունենք գնի փոփոխություն, բնականաբար, դա պետք է իր արտացոլումը գտնի նաև մյուս տեղամասերում, որոնք օգտվում են այդ ծառայություններից:
– Այդ տեսանկյունից՝ ջրի սակագնի բարձրացումն ի՞նչ մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա, այլ թանկացումներ կլինե՞ն:
– Ցածր եկամուտների պարագայում դա լրացուցիչ դժվարություն կլինի ինչպես՝ քաղաքացիների, բնակչության համար, այնպես էլ՝ տնտեսվարող սուբյեկտների: Դա շղթայական է, բնականաբար, դա կբերի թանկացումների համապատասխան չափով բոլոր այն ոլորտների կողմից ստեղծված ապրանքների և մատուցված ծառայությունների համար, որոնք օգտվում են ջրամատակարարումից:
– Ըստ Ձեզ՝ ՀԾԿՀ-ն, ի վերջո, կբավարարի՞ այդ դիմումը, ջրի սակագինը կբարձրանա՞:
– ՀԾԿՀ-ն այստեղ իր իրավասությունների շրջանակներում չի կարող մեծ իմպերատիվներ գործադրել՝ «իջեցրեք» կամ «ցածրացրեք»: Այսինքն՝ հաշվարկների, ուսումնասիրությունների, գնահատումների պարագայում՝ ինքը գալիս է կոլեգիալ որոշման, թե այդ սակագնի բարձրացումը հիմնավո՞ր է, թե՛ ոչ: Բայց հասկանալի է, որ առանց հիմնավորումների դժվար թե հայտ ներկայացնեին: