Google-ի նոր՝ բազմազանության սկանդալը
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը աշխատանքից ազատել է ճարտարագետ Ջեյմս Դամորին՝ սկբունքորեն անընդունելի առաջարկի, ինչպես նաև վտանգավոր կարծրատիպեր սերմանելու փորձ իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Տեխնոլոգիական հսկա Google-ը այս շաբաթ կրկին մամուլի ուշադրության կենտրոնում է, այս անգամ՝ ընկերության աշխատակցիներից մեկին աշխատանքից ազատելու պատճառով:
Reuters փոխանցմամբ՝ Google ընկերության նախկին ճարտարագետ Ջեյմս Դամորը հաստատել է այս լուրն ու հայտնել իրավական քայլերի դիմելու իր մտադրության մասին:
Ջեյմս Դամորը ներքին նամակագրությամբ շրջանառության մեջ էր դրել իր հեղինակած գաղափարական առաջարկը, որտեղ անդրադարձել էր ընկերությունում կանանց և տղամարդկանց միջին աշխատավարձի միջև տարբերության խնդրին՝ հարցականի տակ դնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գենդերային բազմազանությանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը:
Ջեյմս Դամորն իր «Google-ի գաղափարական արձագանքը» վերնագրով ծավալուն փաստաթղթում ընդգծել էր, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կին աշխատողների սակավաթիվ լինելը մշակութային և հասարակական կառուցվածքի հետևանք չէ, այլ պայմանավորված է այն փաստով, որ կանայք «նախընտրում են աշխատել ստեղծագործական և սոցիալական բնագավառներում», մինչ տղամարդիկ նախընտրում են համակարգչային ծրագրավորողի մասնագիտությունը:
Դամորի պնդմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներկայցվածության ցածր տոկոսը պայմանավորված է «կենսաբանական գործոններով»: Նույն փաստաթղթում Ջեյմս Դամորն արտահայտել է իր համոզմունքն այն մասին,որ – «հարկավոր է դադարել գենդերով պայմանավորված վճարումների անհավասարությունը սեքսիզմ որակել»:
Այս լուրը հայտնվել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում անցյալ շաբաթ տեղեկատվական արհատոսքի արդյունքում:
ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը ներկայումս հատուկ հետաքննություն է անցկացնում տեխնոլոգիական հսկա Google ընկերությունում կանանց և տղամարդկանց միջին աշխատավարձի միջև տարբերության խնդրի վերաբերյալ նոր մանրամասներ պարզելու նպատակով:
Նշենք որ, ներկայումս Google կորպորացիայի ցածր, միջին ստորաբաժանումներում և բարձրաստիճան պաշտոններում կանայք ընդհանուր աշխատակցիների մոտ 1/3-րդ մասն են կազմում, իսկ միայն ԱՄՆ-ում՝ սևամորթ և իսպանալեզու մասնագետները կազմում են Google ընկերության ընդհանուր աշխատակիցների 6 %-ը:
Ջեյմս Դամորը տեղեկացրել է Reuters գործակալությանը կատարվածի մասին և նշել, որ բողոքի հայց է ներկայացրել ԱՄՆ-ի աշխատանքի և զբաղվածության հարցերով պետական հանձնաժողով՝ մեղադրելով Google-ին ամոթանքի միջոցով իրեն լռեցնելու փորձեր իրականացնելու մեջ:
Google ընկերությունը իր աշխատակցիներին տեղեկացրել է, որ Ջեյմս Դամորը անցել է ընդունելի բոլոր սահմանները` փորձելով վտանգավոր կարծրատիպեր սերմանել: