Բաժիններ՝

«Տեղ-տեղ արյուն կար նրա վրա, ականջը ոնց որ կտրված էր, արյուն էր գնում…Որ ասեմ ինչ-որ բան եմ տեսել՝ չէ». խոշտանգման գործով վկա

Տղամարդու կողմից կնոջն առանձին դաժանությամբ խոշտանգելու վերաբերյալ գործով երեկ դատարանում ցուցմունք տված վկա Քրիստինեն կասկածի տակ դրեց իր վկա լինելը՝ ոչինչ չեմ տեսել: Ինքը դեպքի վայր է եկել այն պահին, երբ տուժողին դեպի շտապօգնության մեքենան էին ուղեկցում:

Միաժամանակ նա հավելեց, որ դեպքին առնչվում է այնքանով, որ դեպքն իր տանն է տեղի ունեցել, որը վարձակալությամբ տվել էր տուժողին: Վերջինս այնտեղ բնակվում էր ընկերոջ՝ Հարությունի, հետ՝ «նա տեսքով ճոխ էր, ոնց որ ռեստորաններ ունի»:

Վկան հայտնեց, որ իրեն զանգահարել է գործով մեկ այլ վկա Տաթևիկն ու ասել, որ տուժողի առաջվա ընկերը եկել ու ծեծում է նրան՝ աղջիկը «լեզվի տակ չի մնում», նախկին ընկերն էլ՝ խփում է:

Դեպքի վայր հասնելով՝ Քրիստինեն տեսել է, որ տուժողը արյունլվիկ վիճակում էր, տեղ-տեղ արյուն կար նրա վրա, ականջը ոնց որ կտրված էր, արյուն էր գնում: «Որ ասեմ ինչ-որ բան եմ տեսել՝ չէ»,- հայտարարեց վկան, ի պատասխան մեղադրողը հակադարձեց, այսինքն՝ կարծում եք, դա նորմա՞լ վիճակ է:

Վկան նաև դեպքի վայրում խոսակցություն է լսել առ այն, որ տուժողի ականջն ոնց որ դանակով վնասված լինի: Վկան հայտնեց, որ ինքը դանակ չի տեսել:

Նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների պատճառով այսօր հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը: Դրանում նա մասնավորապես, ասել է, որ տուժողը դեպքից հետո հայտնել է, որ ինքն այլևս այդ տանը չի բնակվելու՝ մի տեսակ խեղճացած էր ու ընկճված, ոնց որ վախեցած ու սթրես տարած լիներ: Վկան պնդեց իր նախաքննական ցուցմունքները:

Մեղադրողն այսօր հրաժարվեց գործով մի վկայի նախաքննական ցուցմունքից և նպատակահարմար չհամարեց հարցաքննել նրան նաև դատարանում: Պաշտպանական կողմն իր հերթին նշեց, որ վկայի ցուցմունքը վերաբերելի չէ ամբաստանյալին:

Դատարանը միաժամանակ որոշեց բերման ենթարկել վկա Հարությունին, միջոցներ ձեռնարկել վկա Տաթևիկին հայտնաբերելու ուղղությամբ:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս