ԱՄՆ-ում սկսվել է դատավարությունը «Սինալոա» մեքսիկական կարտելի պարագլխի եւ նրա որդու նկատմամբ
«Սինալոա» մեքսիկական կարտելի պարագլուխ Դամասո Լոպես Նունիեսը եւ նրա որդին օգոստոսի 7-ին կանգնել են ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանի առաջ, որտեղ նրանց առաջադրվել են թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքներ: Այդ մասին հայտնել է Univision հրատարակությունը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ El Licenciado (գիտական աստիճան ստացած մարդ (իսպ.) – խմբ.) մականվամբ Նունիեսը եւ նրա որդի Դամասո Լոպես Սեռանոն՝ Mini Lic (El Licenciado-ի փոքրացուցիչ տարբերակը) մականվամբ իրենց մեղքը չեն ընդունել Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի դատարանում: Նրանք մեղադրվում են 2005-ից մինչեւ 2016 թվականը կատարված հանցագործությունների մեջ:
Մեքսիկայի իշխանությունները Լոպես Նունիեսին ձերբակալել են մայիսին Մեխիկոյում: Ինչպես հաղորդվում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում, Նունիեսի որդին կամավոր Միացյալ Նահանգների իշխանություններին է հանձնվել հուլիսի 27-ին: Նախարարությունը նշում է, որ Սեռանոն, ինչպես ենթադրվում է, մեքսիկական թմրակարտելի ամենաբարձրաստիճան պարագլուխն է, որն ինքն է հանձնվել ԱՄՆ-ի իշխանություններին:
Դամասո Լոպես Նունիեսը համարվում է Թզուկ մականվամբ թմրաբարոն Խոակին Գուսմանի հաջորդը: Մեքսիկայի ամենաորոնվող թմրաբարոններից մեկը՝ Թզուկը, որը երկար ժամանակ գլխավորել է «Սինալոա» կարտելը, ԱՄՆ-ին իշխանություններին է հանձնվել հունվարի 19-ին՝ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի աշխատանքի վերջին օրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: