Կահիրե մեկնած պրոֆեսոր Հովհաննիսյանը կքննարկի վիրավորված ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու հարցը
Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիների առողջական վիճակին Կահիրեում տեղում կծանոթանա էրեբունի բժշկական կենտրոնի Ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«ՀՀ առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին: Նա տեղում կծանոթանա վիրավորված քաղաքացիների առողջական վիճակին: Կքննարկվեն նաև նրանց տեղափոխման հարցերը»,-ասաց Անահիտ Հայթայանը:
Եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով երկու զբոսաշրջիկ սպանվել է: Անհայտ անձը մուտք է գործել զբոսաշրջային համալիր և սկսել անկանոն կերպով դանակով հարվածներ հասցնել այնտեղ առկա մարդկանց: Հարձակման հետևանքով տուժել է նաև Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի: Հայաստանի երկու քաղաքացիները, հատուկ չվերթով տեղափոխվել են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Հայտնի է, որ հանցագործը հյուրանոց է մուտք գործել ծովի կողմից: Նա հարձակվել է տարբեր ազգությունների կանանց վրա: Ի դեպ, հանցագործը վնասազերծվել է հայ զբոսաշրջիկի ջանքերով: