Բաժիններ՝

Վանում հայկական գերեզմանոցի տեղում հասարակական զուգարան է կառուցվել

Թուրքիայի Վան նահանգում հայկական գերեզմանոց է պղծվել: Վանի  Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:

Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն այսօր անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը:

Ավելի վաղ՝ 1984թ. Թուրքիայի Էգեյան համալսարանը, Վանի թանգարանը և Վանի տարածաշրջանային պատմահնէաբանական հետազոտությունների կենտրոնը «Դիլքայայի բլուր» կոչված այս տարածքում համատեղ պեղումներ են կատարել: Հայտնի է, որ բլուրը գոյացել է նախկին բնակավայրերի ավերակների նստվածքներից. տարածքը մարդկության համար որպես բնակատեղի է ծառայել դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակից:

Պեղումների ժամանակ բլրի շրջակայքում հայտնաբերվել են դեռևս ուրարտական ժամանակաշրջանին պատկանող 24 աճյունասափոր: Հայտնաբերվել են նաև մարդկային գանգատուփեր, որոնք ապացուցում են, որ գանգի վրա «պատուհան բացելու» առաջին վիրահատությունները այստեղ են կատարվել:

Հավելենք, որ պատմական այս տեղանքում հասարակական լողափի բացումը տեղի էր ունեցել հուլիսի 23-ին՝ նահանգապետարանի նորանշանակ հոգաբարձու Վալի Մուրաթ Զարօղլուի և Արդամետի հոգաբարձու Աթըֆ Չիչեքլիի մասնակցությամբ:

Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս