Կրեմլը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Սպիտակ տան «հայտարարությունների հակասականություն» է արձանագրել
Կրեմլը ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ Սպիտակ տան «հայտարարությունների որոշ հակասականություն» է արձանագրում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք իրոք այն հայտարարությունների որոշ հակասականություն ենք արձանագրում, որոնք հնչում են Սպիտակ տանը», ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խոսքերն այն մասին, թե ինքը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիացած չեն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի գործողություններից, որոնք անցած շաբաթ օրինագիծ են ընդունել Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին:
Ընդսմին, տետքարտուղարի խոսքով, ամերիկյան վարչակազմը պահպանում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները նորմալացնելու տրամադրվածությունը, բայց ակնկալում է ՌԴ կառավարության հանդիպական կառուցողական քայլերը:
«Ոչ նախագահը, ոչ ես ուրախ չենք Կոնգրեսի այն գործողությունների համար, որոնք ուղղված են այդ պատժամիջոցների մշակմանը: Մենք պարզորոշ հասկանալ են տվել, որ, մեր կարծիքով, այդ գործողությունները չեն նպաստում ռուս-ամերիկյան հարաբերությունների նորմալացմանն ուղղված մեր ջանքերի հաջողությանը: Բայց դա է օրենսդիրների կողմից մշակված որոշումը, եւ նրանք այն ընդունել են ձայների ճնշող մեծամասնությամբ: Նախագահն ընդունում է դա, եւ բոլոր նշանները վկայում են, որ նա կստորագրի այդ օրինագիծը»,- ասել է Թիլերսոնը:
Միաժամանակ պետքարտուղարը պատժամիջոցների մեղմացման եւ դրանց չեղարկման հեռանկարները կապակցել է Մինսկի համաձայնությունների իրագործման հետ, որոնք կոչված են օժանդակել Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորմանը: «Մինսկի համաձայնագրերը պետք է կատարվեն, այլապես անկարելի կլինի որեւէ բան անել պատժամիջոցների հետ կապված իրադրության առումով»,- հայտարարել է Թիլերսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: