Բաժիններ՝

5-ամյա որդու սպանության մեջ մեղադրվող ամերիկահայ Արամազդ Անդրեսյանն ընդունել է մեղքը

Ամերիկահայ Արամազդ Անդրեսյանը, ով մեղադրվում է իր 5-ամյա որդու սպանության մեջ` փորձելով վրեժ լուծել իր նախկին կնոջից, դատական նիստում ընդունել է մեղքը: Այս մասին հաղորդում է «Լոս Անջելես թամյս»-ը: Անդրեսյանին սպասվում է 25 տարվա ազատազրկում:

Անդրեսյանի փաստաբանը դատական նիստից հետո նշել է, որ իր պաշտպանյալը սպանությունը չի պլանավորել և այժմ վերցնում է այդ «սարսափելի ոճրագործության» ողջ պատասխանատվությունը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հուլիսի սկզբին գտել է դեռևս ապրիլից կորած համարվող 5-ամյա Արամազդ Անդրեսյանի մարմինը: Երեխայի մարմինը հայտնաբերվել է Սանտա Բարբարա լճի մոտակայքից: Երեխայի հայրը՝ 35-ամյա Արամազդ Անդրեսյանը, ձերբակալվել էր հունիսի 23-ին Լաս Վեգասում: Նա մեղադրվում էր երեխայի անհետացման մեջ: Անդրեսյանը, ով ամուսնալուծվում է կնոջ հետ և կիսում էր երեխայի խնամակալությունը, ապրիլի 20-ին տեսանյութ էր հրապարակել որդու հետ Դիսնեյլենդում:

Հաջորդ օրը նա պետք է երեխային վերադարձներ կնոջը, սակայն այդ օրն առավոտյան նրան հայտնաբերել էին անգիտակից վիճակում Հարավային Փասադենայի իր տան մոտակայքում: Նրա մեքենայի վրա բենզին է լցված եղել: Երեխային կորած հայտարարելուց վեց օր անց Անդրեսյանը հայտարարություն էր տարածել երեխայի նկարներով՝ կոչ անելով հանրությանն օգնել իրեն գտնելու որդուն: Նա պնդում էր, որ ոչինչ չի հիշում, թե ինչ է պատահել, սակայն կասկածում է, որ այդ օրն իր վրա հարձակում են իրականացրել:

Անդրեսյանի փաստաբան Ամբրոսիո Ռոդրիգեսը նշել էր, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: Ոստիկանության քննիչներն արձանագրել էին, որ հոր՝ Արամազդ Անդրեսյանի մոտ վերջին շրջանում նկատվել են մտահոգիչ զարգացումներ: Նա բացացրել է մազերի գույնը, սափրել է մորուքը ու սկսել ծրագրեր կազմել՝ մեկնելու մի երկիր, որտեղից կարող է խուսափել դեպի ԱՄՆ արտահանձնվելուց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս