Բաժիններ՝

Գերմանական ռազմատեխնիկան և զորքերը վերջնականապես հանվել են թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից

Թուրքական Ինջիլիքի ռազմաբազայից հուլիսի 31-ի դրությամբ վերջնականապես հանվել է Գերմանական ռազմատեխնիկան:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հուլիսի 31-ին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս է բերվել վերջին հետախուզական Tornado ինքնաթիռը և տեղափոխվել Գերմանիա:

Նախապես Գերմանիայից Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա էր տեղափոխվել նմանատիպ 5 ռազմական ինքնաթիռ, որոնք բոլորն էլ հետ են տարվել:

Հուլիսի 22-ին Գերմանիայի Բունդեսթագը որոշել էր թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերել իր զինվորներին և ռազմատեխնիկան ու տեղափոխել Հորդանան:

Այս որոշումը կապված էր այն բանի հետ, որ թուրքական կողմը գերմանացի պատգամավորներին թույլ չէր տվել այցելել ռազմաբազա և հանդիպել գերմանական զորքի հետ:

Ինջիրլիքի ռազմաբազայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմպայքարելու նպատակով գտնվում էին գերմանական Tornado հետախուզական ինքնաթիռներ և 240 գերմանացի զինվոր:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, ինչ թուրքական կողմը արգելեց Բունդեսթագի պատգամավորներին այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորներին: Պաշտոնական Անկարան որոշումը պայմանավորեց նրանով, որ Գերմանիան չի կատարում իրենց պահանջն ու չի հանձնում այդ երկրում գտնվող գյուլենականներին և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին:

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ հունիսի 22-ին որոշում էր ընդունել հետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Որոշման օգտին էր քվեարկել 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Հուլիսի 15-ին հայտնի էր դարձել, որ Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել նաև թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Կատարվածի առնչությամբ Գերմանիան բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս