«Դրա մեջ մի փոքր «սուտիություն» կա». Արքմենիկ Նիկողոսյան
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի համոզմամբ՝ շարժական գրախանութ՝ ԳրաԲուս ստեղծելը «ֆանտաստիկ» նախաձեռնություն էր:
«Երբ իմացա գաղափարի մասին, շատ բարձր գնահատեցի: Իհարկե, շատ լավ էր, որ շատ արագ մտածվեց, շատ արագ գնացին, գտան ավտոբուսը»,- ասաց բանախոսը:
ԳրաԲուսը գործում է փետրվարից, և ընթերցասերները գրքերը ստանում են զեղչով:
Գրականագետի խոսքով՝ շատ լավ է, որ զեղչեր են արվում, բայց դրանից զատ՝ նա նաև կարևորում է այն տոնը, որ ստեղծում է ավտոբուսը՝ ամբողջ Երևանով պտտվելիս, նույնիսկ այնպիսի համայնքներ է մտել, որտեղ գրախանութ չի եղել:
Նրա կարծիքով՝ սա մի գործիք է, որը կօգնի ձևավորել պահանջարկ, որը կօգնի վաղն ունենալ գրախանութներ այլ մարզերում:
Ինչ վերաբերում է գրատնակներին, ապա գրականագետը նշեց հետևյալը.
«Լավ է, որ կա: Պարզապես ինձ համար մի փոքր անհասկանալի է գործող գրատնակի «իմիջիայլոցությունը»: Երբ մտնեք այնտեղ, կտեսնեք, որ պետական աջակցությամբ տպած գրքեր են, մի քանի հատ էլ՝ «Անտարես» հրատարակչության գրքեր, չգիտեմ՝ որտեղից բերված: Դա արվել է, այնքան որ, լինելու համար: Աշխատանք, որ շատ գիրք լինի, չկա: Դրա մեջ մի փոքր «սուտիություն» կա»:
Անի Թորոսյան