«Ռուսաստանի տնտեսական դժվարություններն անմիջականորեն կանդրադառնան հայկական տրանսֆերտների վրա». Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գտնում է՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ «կնեղանա և կփոքրանա Հայաստանի դիվանագիտության մանևրելու հնարավորությունը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև»:
Հիշեցնենք, որ օրերս Միացյալ Նահանգների Սենատը հավանություն էր տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին, որից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը պետք է կրճատի աշխատակազմը:
«Կարծում եմ՝ Ռուսաստանը կկարծրացնի իր դիրքորոշումն անգամ իր դաշնակիցների նկատմամբ, լավ բան ես դրանից չեմ սպասում: Ինչ վերաբերում է տնտեսական խնդրին, այստեղ էլ կա երկու կարծիք՝ ասում են, որ մի կողմից՝ դա կարող է բացասական անդրադառնալ, մասնավորապես, Ռուսաստանի տնտեսական դժվարություններն անմիջականորեն կանդրադառնան հայկական տրանսֆերտների վրա, մյուս կողմից՝ ասվում է՝ սա կարող է նույնիսկ դրական ազդեցություն ունենալ: Բայց ես այդպես չեմ կարծում, քանի որ, եթե մեծ տերություններն առճակատվում են, երբեք փոքր պետությունները դրանից չեն շահում»,- կարծում է Ա. Նավասարդյանը:
Հարցին, թե այս առճակատումն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂՀ հակամարտության վրա՝ հաշվի առնելով, որ երկու գերտերություններն էլ Մինսկի խմբի համանախագահող պետություններ են, Ա. Նավասարդյանը նախ պատասխանեց, որ Ղարաբաղի հարցը փոքր հարց է.
«Դժվար է ասել՝ արդյո՞ք կանդրադառնա այդ հարցի վրա, թե՞ ոչ: Առ այսօր Մինսկի խմբի բոլոր համանախագահների միջև գոյություն է ունեցել կոնսենսուս, համենայն դեպս, Ղարաբաղի հարցում, որը դրական երևույթ է, բայց ես դժվարանում եմ ասել, թե որքան կխորանա այդ հակասությունը, իսկ որ պետք է խորանա, դրանում ոչ մի խոսք:
Մեր դիվանագիտության առաջ բարդ խնդիրներ են կանգնած՝ պետք է կարողանալ շատ ճկուն լինել ստեղծված իրադրությունում՝ քիչ արյունով դուրս գալու համար, որովհետև Հայաստանը որդեգրել է (ճիշտ է որդեգրել), որ լինելով Ռուսաստանի դաշնակիցը՝ զարգացնում է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Եթե հարաբերությունները շատ սրվեն՝ արդյոք դա չի՞ անդրադառնա Հայաստանի հետագա քայլերի վրա եվրոպական ուղղությամբ, Եվրամիության այդ փաստաթղթի ստորագրման վրա, որ պետք է լինի, սա էլ մեծ հարց է: Այնպես որ, շատ հավասարումներ կան՝ շատ անհայտներով»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: