«Ոստիկանները բոլորը հոգեկան շեղումներ ունեն. Սոցիոպատները չեն կարող աշխատել Ոստիկանությունում»
Փաստաբանների պնդմամբ՝ երկու օր առաջ Ավան և Նոր Նորք դատարանի նկուղում բռնության են ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը:
«Անընդունելի են այն մեթոդները, որ այժմ փորձում են կիրառել ամբաստանյալների հանդեպ, քանի որ ես երաշխավորում եմ, որ, եթե սա նրանք հաջողեցին, ապա հաջորդ անգամ սովորական, խաղաղ ցույցը կարող է ավարտվել ավելի դաժան բռնությաամբ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բանասիրության ֆակուլտետի դոցենտ, մասնագիտությամբ լեզվաբան Նարինե Դիլբարյանը:
Նրա համոզմամբ՝ ոստիկանապետին թվում է, թե ինքն այն ուժն է, որը կարող է ծառայություն մատուցել ՀՀ նախագահին: Կատարվում է շատ սարսափելի մի երևույթ, նրանք ցանկանում են ամրակայել հարցերը լուծելու ուժային մեթոդներ՝ ծեծով, բռնությամբ, փաստաբաններին ճնշելով, բոլոր տեսակի օրենքները խախտելով:
Այս ամբողջը հրահրելը, բանախոսի կարծիքով, ունի իր ներքին ենթատեքստը, այն է՝ նոր ապակայունություն առաջացնել և ցույց տալ ուժեղ ձեռքի հերթական կիրառումը:
Նարինե Դիլբարյանը հասարակությանը կոչ արեց ընդվզել, քանի որ այդ պարագայում պատժվողներ կլինեն: Նրա կարծիքով՝ հասարակությունը կանգնած է երկընտրանքի առաջ. Կա՛մ լիովին ստրուկ դառնալ, ոչնչանալ, կա՛մ լինել քաղաքացի: Ուստի պետք է դուրս գալ այս ուղուց և ցույց տալ, որ, այնուամենայնիվ, ՀՀ-ում կա քաղաքացիական հասարակություն: Պետք է ապացուցել, որ ուժային մեթոդով կատարված բացարձակ ապօրինությունները հենց այնպես, անպատասխան անցնել չեն կարող:
Նարինե Դիլբարյանի խոսքով՝ ինչքան էլ հրահանգավորված լինեին, հրահանգը կատարելու ձև կա, դատարանի շենքում նկուղային հարկում 10 հոգով ձեռնակապերի մեջ գտնվող ամբաստանյալին ծեծելը ցույց է տալիս հիստերիային, սոցիոպատիային բնորոշ հատկանիշներ:
«Ոստիկանները բոլորը հոգեբանական շեղումներ ունեն, սա սոցիոպատիայի դրսևորում է, քանի որ այն մարդը, որը կարող է ձեռնակապերով ամբաստանյալին ծեծի ենթարկել, չի կարող նորմալ լինել: Սոցիոպատներն իրավունք չունեն աշխատելու Ոստիկանությունում»,- ասաց Նարինե Դիլբարյանը:
Անի Թորոսյան