Թրամփը պատրաստ է Պուտինի հետ քննարկել հնարավոր զիջումները Ռուսաստանին. The Guardian
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին խնդրել է մտածել այն մասին, թե ինչը կարող է որպես զիջում առաջարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկու ղեկավարների առաջին անձնական հանդիպման ընթացքում: Այդ մասին գրում է The Guardian թերթը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ երկու նախկին պաշտոնյաների:
Ինչպես հայտնել է հրատարակության աղբյուրներից մեկը, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակիցներին առաջադրանք է տրված «մշակումներ» նախապատրաստել Պուտինի եւ Թրամփի առաջին հանդիպման համար, ներառյալ երկու դիվանագիտական համալիրների վերադարձը, որոնցից օգտվելու արգելք էր սահմանվել հակառուսական այն պատժամիջոցների շրջանակներում, որոնք ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից սահմանվել էին 2016 թվականի դեկտեմբերին:
The Guardian-ի տվյալներով՝ առայժմ հայտնի չէ, թե փոխարենը ինչ կարող են խնդրել Պուտինից: Նշվում է, որ ԱԱԽ-ի եւ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներն ուժեղ դիմադրություն են ցուցաբերում ԱՄՆ-ի կողմից միակողմանի զիջումների կապակցությամբ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների բնույթի բարելավման նպատակով:
ԱՄՆ-ի վարչակազմի ներսում նույնպես անհամաձայնություն է դիտվում Պուտինի հետ անձամբ հանդիպելու Թրամփի ցանկությանը:
Առանձին պաշտոնյաներ պնդում են, որ այդ հանդիպումը պետք է լինի կարճատեւ եւ կրի ոչ պաշտոնական բնույթ՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ նախագահ Թրամփի «կապերի» շուրջ կատարվող հետաքննությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: