Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԱԱԽ 2017թ. գործունեության ծրագրից բխող հարցեր: Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը և երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրները:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և հայկական համայնքների վրա դրանց ազդեցությանը: Հարցի վերաբերյալ նիստի մասնակիցներին տեղեկատվություն է ներկայացրել արտաքին գործերի նախարարը:

Խորհրդի անդամները հավանություն են տվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագծին: Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման և պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:

Հայեցակարգը ձևակերպում է ոլորտում իրականացվող գործունեության նպատակները, պետական կարգավորման սկզբունքները և խնդիրները, ինչպես նաև բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործման և արդիականացման ուղղությունները: Փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձևավորումը և զարգացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովման ճանապարհով:

Հայեցակարգի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահը հանձնարարել է ԱԱԽ քարտուղարությանը՝ ելնելով ԱԱԽ նիստում հնչեցված առաջարկություններից՝ մեկշաբաթյա ժամկետում լրամշակել հայեցակարգի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել հաստատման:

Օրակարգի հաջորդ հարցի՝ երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրների մասին զեկուցել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել նաև հիշյալ հարցի համազեկուցողներ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի զեկույցները:

Քննարկման արդյունքում կառավարությանը հանձնարարվել է ապահովել Հանրապետության Նախագահի կարգադրությամբ հաստատված՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներից բխող ՀՀ կառավարության 2017-2021թթ. միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության մակարդակի շեշտակի բարձրացման և բնակչությանը ժամանակակից որակի ծառայությունների մատուցման հարցերին: Հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել հակակարկտային և բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների ներդրման ուղղությամբ, ինչպես նաև միջազգային փորձը հաշվի առնելով՝ երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել նվազագույն պարենային զամբյուղի կազմի, կառուցվածքի և էներգետիկ արժեքի որոշման մեթոդաբանության քննարկման և «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նպատակահարմարության վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել նաև գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացման ակտիվացման ուղղությամբ:

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և հայկական համայնքների վրա դրանց ազդեցության մասին արտգործնախարարի տեղեկատվությունը լսելուց հետո Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար, անշուշտ, առաջնահերթ մտահոգության պատճառ են հանդիսանում այնտեղ գտնվող հոծ հայկական համայնքները, նրանց մշակութային ու կրթական կենտրոնները, հայ ժողովրդի համար նվիրական նշանակություն ունեցող իր կրոնական ու պատմական ժառանգությունը:

Նախարարի զեկույցից հետո Հանրապետության նախագահը հանձնարարել է շարունակել միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցների կենսագործունեության և նրանց անվտանգության ապահովման, սիրիահայ փախստականների կարիքները հոգալու, հայկական կրոնական, պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։ Հանձնարարվել է նաև շարունակել աշխատանքները գործընկեր երկրների և միջազգային կառույցների հետ սիրիահայերին տրամադրվող օժանդակության շարունակականությունն ապահովելու համար և պատրաստ լինել արձագանքելու հնարավոր ոչ բարենպաստ զարգացումներին՝ զուգահեռաբար ամրապնդելով և խորացնելով Հայաստանի ավանդական հարաբերությունների մակարդակը արաբական երկրների հետ:

Տեսանյութեր

Լրահոս