«Մեզ մոտ մահմեդական մանկապարտեզներ չպետք է լինեն». Սեբաստյան Կուրց
Վիեննայում գործող մուսուլմանական մանկապարտեզները պետք է փակել, որովհետեւ դրանք չեն նպաստում հասարակությանը երեխաների ինտեգրացմանը: Այս մասին հայտարարել է Ավստրիայի Եվրոպայի գործերի, ինտեգրացման եւ արտաքին հարաբերությունների նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սեբաստյան Կուրցը:
«Մանկապարտեզները պետք է երեխաներին պատրաստեն դպրոցի համար, որպեսզի նրանք կարողանան խոսել գերմաներեն, բայց այսպես կոչված մահմեդական մանկապարտեզները տարբերվում են էթնիկական եւ լեզվական սկզբունքով: Դրանք մեզ պետք չեն: Մեզ մոտ մահմեդական մանկապարտեզներ չպետք է լինեն»,- ասել է Կուրցը Վիեննայի բանավիճային ակումբում «Միգրացիայի ապագան» թեմայով ելույթի ժամանակ, որը կազմակերպել էր Kurier թերթը:
Նախարարի խոսքով՝ այդ մանկապարտեզները լեզվական եւ մշակութային առումով մեկուսանում են հիմնական հասարակությունից, բայց ցանկանում են ֆինանսավորում ստանալ հարկատուների հաշվին: Ներկայում միայն Վիեննայում շուրջ 10 հազար երեխաներ հաճախում են մուսուլմանական տարբեր մանկապարտեզներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: