Իրաքյան բանակն ավարտել է ԻՊ-ի զինյալների շրջապատումը Մոսուլի Հին քաղաքի շրջանում
Իրաքի կառավարական ուժերը վերականգնել են հսկողությունը Տիգրիսի վերջին հինգերորդ կամրջի նկատմամբ, որը միացնում է Մոսուլի արեւմտյան ու արեւելյան մասերը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից խլելով գետանցումը:
Այդ մասին հունիսի 20-ին հայտնել է իրաքյան քաղաքի ազատագրման գործողության հրամանատար գեներալ Աբդել Ամիր Յաալան: Նրա խոսքով, որը մեջբերում է «Աս Սումարիա» հեռուստաալիքը, Էշ Շիֆաայի շրջանի հարավային մասում ծայրահեղականների դիրքերի վրա հարձակման ընթացքում գործի է դրվել Իրաքի զինուժերի 9-րդ զրահատանկային դիվիզիան:
Զինվորականներին հաջողվել է նաեւ զինյալներին դուրս մղել այն տարածքից, որտեղ գտնվում են Բաշտաբիա պատմական ամրոցի ավերակները, որն ԻՊ-ի կողմից պայթեցվել է 2015 թվականին, եւ «Էլ Ահդաս» բանտը՝ Տիգրիսի արեւմտյան ափին: Այսպիսով, զինյալները, որոնց թիվը, ըստ տարբեր տվյալների, 500-ից մինչեւ 700 է, շրջապատման մեջ են հայտնվել Մոսուլի Հին քաղաքում:
Ինչպես նշում են արաբական ԶԼՄ-ները, ուժայինները Մոսուլի պատմական մասում հարձակման ընթացքում օգտագործում են անօդաչու թռչող սարքեր ու դիպուկահարների: Խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար կազմակերպված են անվտանգության միջանցքներ, սակայն ահաբեկիչները գնդակոծում են այն բնակիչներին, որոնք լքում են իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանները: Ընդհանուր առմամբ Մոսուլի Հին մասում մնում են շուրջ 100 հազար իրաքցիներ, որոնց զինյալներն օգտագործում են որպես կենդանի վահան:
Մոսուլից ԻՊ-ի զինյալների արտաքսման ռազմարշավն սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին: Հունիսի 18-ին իրաքցի զինվորականները քաղաքի արեւմտյան մասում ձեռնամուխ են եղել գործողության եզրափակիչ փուլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: