ԵՄ-ն չի պատրաստվում բանակցությունների նոր գլուխ բացել Թուրքիայի հետ
Եվրամիությունը ներկայիս պայմաններում չի պատրաստվում Թուրքիայի հետ բանակցությունների նոր գլուխ բացել: Այս մասին BBC-ի թուրքական ծառայությանն ասել է ԵՄ անանուն աղբյուրը:
Նա հայտնել է, որ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները պաշտոնապես սառեցված չեն, սակայն դրանցում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան վերանայի դիրքորոշումը մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերում:
«Նոր գլուխների բացումը կախված է այն քայլերից, որը կձեռնարկի Թուրքիան: Բանակցություններում առաջընթացը ևս կախված է Թուրքիայից և պայմանավորված է մի խումբ հարցերով, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, հիմնարար իրավունքները»,- ասել է աղբյուրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 17-ին տված հարցազրույցներից մեկում կոչ էր արել ԵՄ-ին անդամակցության հարցում բացել գլուխները: «Արդեն 54 տարի է՝ սպասում ենք ԵՄ դռան մոտ: Չկա մի երկիր, որին այսքան երկար սպասեցնել տան: Այս ընթացքում 14 գլխից միայն մեկն է բացվել,փակվել, մնացածը բացված են: Ասում ենք՝ բացեք մնացած գլուխները, աշխատենք, ասեք՝ որտեղ թերություններ ունենք, արագորեն կշտկենք դրանք»,- ասել էր նա:
Եվրամիության և Թուրքիայի բանակցություններում նախանշված են 35 գլուխներ: