«Պենտագոնի կողմից ֆինանսավորվող լաբորատորիաները նոր տեսակի բիոլոգիական զենքեր են». բողոքի ակցիա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև
Այսօր «Հանուն օրենքի» հասարակական շարժումը բողոքի ակցիա անցկացրեց ԱՄՆ դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցների բողոքն ուղղված էր Հայաստանում գործող բիոլոգիական լաբորատորիաների դեմ, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից:
«Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ Արման Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ իրենց հիմնական բողոքը և կոնկրետ հարցադրումները կապված են Հայաստանում արդեն մեկ տարի գործող ռեֆերենս բիոլոգիական լաբորատորիաների հետ։
«Աշխահում կա այդպիսի մոտ 400 լաբորատորիա։ Դրանք բոլորը, և նաև Հայաստանում գործող լաբորատորիաները ֆինանսավորվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից, այսինքն՝ Պենտագոնից։ Երևանում, Իջևանում և Գյումրիում արդեն բացված են այդ լաբորատորիաները, և ԱՄՆ-ի դեսպանատան կողմից հայտարարվել է, որ բացվելու են գրեթե բոլոր մարզերում։ Արդեն 18 մլն դոլար է ծախսված, Վրաստանում մոտ 150-170 մլն դոլար է ծախսվել, Ղազախստանում՝ 175 մլն, հարց է ծագում՝ եթե դրանք քաղաքացիական բնույթ ունեն, ապա դրանք ինչո՞ւ այդքան գումար արժեն։
Երկրորդը՝ ինչո՞ւ է այդ լաբորատորիան ֆինանսավորվում Պենտագոնի կողմից։ ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության միջև չկա որևիցե պայմանագիր, համաձայնագիր, որի համաձայն՝ ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները կարող են տեղ գտնել Հայաստանում։ Մենք պնդում ենք, որ դրանք ռազմական նշանակության օբյեկտներ են»,- ասաց Ա. Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ այդ լաբորատորիաները նոր տեսակի բիոլոգիական զենքեր են։ Դրանք հավաքում են տարբեր վարակներ, ուսումնասիրում դրանք, ուղարկում և փոխանցում ԱՄՆ-ին։ «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, մտահոգված եմ, որ վաղը-մյուս օրն այդ վարակները կարող են օգտագործվել այն երկրներում, որտեղ գործում են այդ լաբորատորիաները։ Նաև մտահոգված եմ, որ դա կարող է օգտագործվել մեր դեմ»։
Արման Ղուկասյանի գնահատմամբ՝ 2010 թ.-ից այդ լաբորատորիաների ստեղծման հետ զուգահեռ՝ աճել է նաև տարբեր վարակների թիվը։ Ըստ նրա՝ Վրաստանում շատ ակտիվ գործող կենսաբանական լաբորատորիաների զարգացման, ընդլայնման ժամանակ ՀՀ ներխուժեց թռչնի գրիպը։
«Մենք հաճախել ենք այդ բիոլաբորատորիաներ, քանի որ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որ իրենք բաց են լայն հանրության համար։ Մենք չստացանք ոչ մի պատասխան»։
Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց նամակը հանձնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, որտեղ հետևյալ հարցադրումներն են. «Ինչո՞ւ է հենց Պենտագոնը ֆինանսավորում։ Այն ռազմական կառույց է, ուրեմն այդ բիոլոգիական լաբորատորիաներն էլ ռազմական նշանակություն ունեն։ Իսկ այդպիսի համաձայնագիր մեր պաշտպանության նախարարությունների միջև չկա. դա օրենքից դուրս է»,- ասաց հասարակական շարժման համակարգող խորհրդի անդամ Արման Ղուկասյանը։
Վերջինս նշեց նաև, որ Ավանում գործող բիոլաբորատորիայի կողքին գործում է մանկական խաղահրապարակ։ Նրա խոսքով՝ երբ իրենք գնացել են լաբորատորիա, իրենց տեղեկացրել են, որ այնտեղ կան մահացու վարակներ, և չեն կարող այնտեղ մտնել, որովհետև վարակվելու պարագայում, իրենք կարող են վարակել ՀՀ բնակչությանը, որն էլ կարող է բերել վատ հետևանքների. «Ապա ինչո՞ւ է այդ լաբորատորիան գտնվում մանկական խաղահրապարակների կողքին։ Եվ ավելին՝ այդ լաբորատորիաները չպետք է գտնվեն մարդաբնակ վայրերում։ Այս պայմանները խախտված են, որն էլ լուրջ մտահոգություն է առաջացնում»,- ասաց Ա. Ղուկասյանը։
Շարժման մասնակիցներին լաբորատորիայից ասել են, որ դիմեն ՀՀ առողջապահության նախարարին. «Նա կարող է շատ լոկալ հարցերի պատասխանել, բայց ամենակարևորն այն է, որ այդ լաբորատորիաները ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից, և ԱՄՆ դեսպանն ավելի լավ կարող է պատասխանել մեր հարցերին»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ռոզա Հակոբյան